Տեղի է ունեցել լրագրողական աշխատանքների «Թվապատում 2015» մրցանակաբաշխությունը

14:37 • 26.09.15

Սեպտեմբերի 25-ին «Լոֆթ» ինքնազարգացման կենտրոնում ամփոփվել է Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի կազմակերպած «Թվապատում 2015. պատմություններ փոփոխությունների մասին» լրագրողական մրցույթը:

 

Այն նպատակ ուներ խթանել Հայաստանում իրականացվող բարեփոխումների լուսաբանումը, մասնավորապես, հանրային սեկտորի թափանցիկության և հաշվետվողականության բարձրացմանը, տեղական ինքնակառավարման հզորացմանը և սոցիալական բարեկեցության խթանմանն ուղղված միջոցառումները` որակյալ լրագրության օրինակների միջոցով:


Մրցույթին ներկայացված՝ տարբեր ժանրերի և լրատվամիջոցների 72 լրագրողական աշխատանքներից լավագույններն առանձնացրին ժյուրիի հինգ անդամները, ովքեր Հայաստանի մեդիադաշտի հայտնի մասնագետներ են՝ Մեսրոպ Հարությունյան, մեդիա փորձագետ, Տիգրան Պասկևիչյան, գրող, հրապարակախոս, վավերագրական ֆիլմերի հեղինակ Մանանա Ասլամազյան, մեդիա մենեջեր, Ռուսաստանի հեռուստաակադեմիայի անդամ Գնել Նալբանդյան, newmag ամսագրի և «Ժամը» լրատվականի գլխավոր խմբագիր, Զարուհի Սարվարյան, լրագրող, հանրային կապերի մասնագետ։

 

Սահմանված դրամական մրցանակները և «Թվապատում 2015» մրցույթի խորհրդանիշ-պարգևները հանձնվեցին 4 հիմնական անվանակարգերում. Մեդիա 3.0. տեխնոլոգիաների լավագույն կիրառում անվանակարգում հաղթող է ճանաչվել և 200 000 դրամի արժանացել Անի Հովհաննիսյանի և Նարեկ Ալեքսանյանի՝ hetq.am-ում հրապարակված «Հայաստանի օրինական և անօրինական աղբավայրերը. Տավուշի մարզ» մուլտիմեդիա նյութը։

 

Դիտակ. Հետաքննական լրագրություն անվանակարգի մրցանակը՝ 250 000 դրամը, շնորհվել է Անի Հովհաննիսյանին և Մարինե Մադաթյանին hetq.am-ում հրապարակված «Ժամկետն անց ռենտգեն սարքեր. ռադիացիոն անվտանգությունը Հայաստանում փակ թեմա է» նյութի համար։

Խրախուսական մրցանակի է արժանացել և 50 000 դրամով պարգևատրվել iravaban.net-ում հրապարակված՝ Աստղիկ Կարապետյանի «755 միլիոն դրամով կառավարության կողմից գնված բնակարանների հետքերով» նյութը։

Ռեինֆորմացիա. բարեփոխումների լավագույն կիրառում անվանակարգում հայտարարվել է երկու մրցանակակիր․ Զարուհի Մեջլումյանը՝ hetq.am-ում հրապարակված «Հայաստանը կունենա ԴՆԹ փորձաքննության վերջին սերնդի գործիք» և Արտակ Համբարձումյանը՝ civilnet.am-ում հրապարակված «Քո գրպանից՝ նախարարի զարմիկին» լրագրողական աշխատանքների համար։ Երկու հաղթողներն էլ արժանացան 125 000 դրամի։

 

«Թվապատում 2015. պատմություններ փոփոխությունների մասին» լրագրողական մրցույթ Գործող անձ (Homo Agendi) անվանակարգում 300 000-ական դրամի պարգևատրում էր նախատեսված թե՛ հաղթող աշխատանքի հեղինակին, թե՛ հերոսին։ Այս մրցանակին արժանացան aravot.am-ում հրապարակված «Հաջողակը՝ մանկատնից. երբ մանկատունը ոչ թե մեկուսացման, այլ նոր դռներ բացելու միջոց է դառնում» հոդվածի հեղինակ Լիլիթ Առաքելյանն ու նյութի հերոս Սրբուհի Աղաբաբյանը։


Ըստ մրցույթի կազմակերպիչների և ժյուրիի` «Թվապատում 2015»-ում հաղթող են ճանաչվել և պարգևատրվել լրագրողների այն աշխատանքները, որոնք վերաբերում են Հայաստանում ընթացող բարեփոխումներին և աչքի են ընկնում իրենց քննադատական մտածողությամբ, յուրահատուկ ստեղծագործական մոտեցմամբ, համարձակությամբ ու հավասարակշռվածությամբ։

 

Վերոնշյալ 4 հիմնական անվանակարգերից բացի՝ «Թվապատում 2015»-ում ներկայացված է ևս մեկ անվանակարգ՝ Ես քվեարկում եմ. լսարանի վստահության մրցանակ: Քվեարկության են դրվում բոլոր անվանակարգերում ժյուրիի կողմից ընտրված լավագույն 20 աշխատանքները: Այս անգամ, սակայն, ընտրում է լսարանը: Առանձնացված նյութերն ու քվեարկության մասին մանրամասները հասանելի կլինեն մրցանակաբաշխության ավարտից հետո Թվապատում կայքի «Ես քվեարկում եմ» բաժնում: Նախընտրած նյութի օգտին քվեարկել հնարավոր կլինի հոկտեմբերի 1-ից 31-ը։ Մրցույթի համար ստեղծվել է հատուկ կայք՝ Թվապատում (http://tvapatum.mediainitiatives.am), որտեղից կարելի է մանրամասն տեղեկություն ստանալ մրցույթի և առցանց քվեարկության մասին։

 

Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը նախատեսում է անցկացնել Թվապատում մրցույթը նաև հաջորդ տարի:


Տեղի է ունեցել լրագրողական աշխատանքների «Թվապատում 2015» մրցանակաբաշխությունը