Հանդիսատեսիս շատ եմ կարոտել. Էրիկ Կարապետյանը անակնկալ ունի
Երգիչ Էրիկ Կարապետյանը նոյեմբերի 28-ին՝ ժամը 19։00-ին, մենահամերգով հանդես կգա Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: Համերգի ընթացքում կհնչի 20 երգ, կներկայացվի շոու ծրագիր, կլինեն անակնալ զուգերգեր:
Էրիկ Կարապետյանն արդեն տևական ժամանակ է, ինչ չի երևում եթերում, չունի նոր տեսահոլովակներ և երգեր։ Tert.am-ը փորձեց պարզել՝ ինչն է լռության հիմնական պատճառը։ Պարզվեց, որ երգիչը դեռևս մայիս ամսից զբաղված է իր մենահամերգի նախապատրաստական աշխատանքներով։
Հարցին, թե չկա՞ մտավախություն, որ բավարար քանակությամբ տոմսեր չեն վաճառվի և համերգը չի կայանա, ինչպես հաճախ է լինում վերջերս, Էրիկը պատասխանեց. «Իհարկե չեմ վախենում, քանի որ ես ունեմ իմ հանդիսատեսը, ովքեր հավատարիմ են: Գիտե՞ք, իրականում յուրաքանչյուր արտիստ իր համար պետք է պատասխանի» ։
Երգիչը տեղեկացրեց, որ հնչելու են նաև նոր երգեր. «Բայց թե որո՞նք կլինեն, կիմանաք և կլսեք համերգի ընթացքում: Ուզում եմ անակնկալ մնա, քանի որ համերգի ընթացքում էլ անակնկալներ շատ են լինելու։ Հանդիսատեսիս շատ եմ կարոտել, հույս ունեմ, որ համերգը թեժ է անցնելու»,- նշեց նա՝ ավելացնելով, որ պատրաստվում է մենահամերգով հանդես գալ նաև ԱՄՆ-ում:
«ԱՄՆ-ում էլ ունենալու եմ մենահամերգ, հաջորդ տարվա առաջին ամիսներին: Ես առաջին հերթին իմ գործունեությունը ծավալում եմ այստեղ, ուրիշ քաղաքներում էլ կլինեն մենահամերգներ: Հենց առաջինն այստեղ է պետք, քանի որ լավ համերգի, լավ երգերի, լավ շոուի կարիք մեր հայրենակիցները շատ ունեն»,- եզրափակեց երգիչ Էրիկ Կարապետյանը։











