«Բրավո վիրտուոզ» ֆիլմի բյուջեն կազմում է մոտ 1 մլն եվրո

14:43 • 28.09.15

 

«Բրավո վիրտուոզ» ֆիլմը սև կատակերգության ժանրում է լինելու և պատմելու է սոցիալական ու դասական երաժշտության ոլորտում առկա խնդիրների բախման մասին: Այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ֆիլմի պրոդյուսեր Հրաչ Քեշիշյանը՝ ընդգծելով, որ այսօր ֆիլմի նկարահանումների 11-րդ օրն է:
 

«Ֆիլմը պատմում է դասական մի երիտասարդական նվագախմբի մասին, որը կորցնելով իր մեկենասին՝ հովանավորին, հայտնվում է ծանր կացության մեջ ու պարզվում է, որ նվագախումբը այլևս չի կարող գոյություն ունենալ: Գլխավոր հերոսը՝ կլարնետիստը, փորձում է փրկել իրավիճակը և ողջ պատմությունը սկիզբ է առնում հենց այստեղից: Ֆիլմը պատմում է, թե ինչպես է երիտասարդ վիրտուոզը ճանապարհ գտնում նվագախումբը պահելու համար»,-պատեց նա:
 

Ինչ վերաբերում է ֆիլմի գլխավոր հերոսներին, ապա Հրաչ Քեշիշյանը նշեց, որ դրանք մարմնավորում են երիտասարդ դերասաններ Սամվել Թադևոսյանը և Մարիա Ախմետյանովան, ինչպես նաև նվագախմբի դիրիժորի դերում հանդես է գալու Արմեն Ջիգարխանյանը, մասնակցում են նաև Մկրտիչ Արզումանյանը, Արմեն Նավասարդյանը և այլոք:
 

Ֆիլմի բյուջեն կազմում է մոտ 1 մլն եվրո: Ինչպես նշեց Հրաչ Քեշիշյանը ֆիլմը նկարահանվում է նաև ֆրանսիական գործընկերների աջակցությամբ: «Նկարահանումները կավարտվեն 2016թ-ի սկզբին և կներկայացվեն փառատոնների»,-ասաց նա:
 

Նշենք, որ ֆիլմի ռեժիսորն ու բեմադրիչն է Լևոն Մինասյանը, ով ապրում ստեղծագործում է Ֆրանսիայում։



 

«Բրավո վիրտուոզ» ֆիլմի բյուջեն կազմում է մոտ 1 մլն եվրո