«Բրավո վիրտուոզ» ֆիլմի երաժշտությունը կատարում է Ֆիլhարմոնիկ նվագախումբը, իսկ կլարնետը՝ ֆրանսիացի երաժիշտը
Արդեն մի քանի օր մեկնարկել են «Բրավո վիրտուոզ» ֆիլմի նկարահանումները, որի ռեժիսոր, բեմադրիչը Լևոն Մինասյանն է, ով ապրում Ֆրանսիայում: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը ֆիլմի պրոդյուսեր Հրաչ Քեշիշյանը տեղեկացրեց, որ նկարահանումներին զուգահեռ ընթանում են ֆիլմի երաժշտության ձայնագրումը, որի հեղինակն է ֆրանսահայ կոմպոզիտոր Միշել Պետրոսյանը, իսկ երաժշտությունը կատարում է Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախումբը՝ դիրիժոր Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ:
«Սովետական միության փլուզումից հետո հայ կինոարտադության մեջ առաջին անգամ կամ գուցե երկրորդ, ֆիլմի երաժշտությունը ձայնագրվում է սիմֆոնիկ նվագախմբի կատարմամբ, տվյալ պարագայում Ֆիլհարմոնիկ նվագախմբի կողմից: Սա ավելի տպավորիչ կդարձնի ֆիլմը»,-ասաց նա:
Հրաչ Քեշիշյանը տեղեկացրեց, որ այսօր ֆիլմի նկարահանման 11-րդ օրն է, իսկ երաժշտության ձայնագրման՝ երկրորդ: Նա տեղեկացեց նաև երաժշտության մեջ կլարնետը կատարում է աշխարհահռչակ ֆրանսիացի երաժիշտ Ֆիլիպ Պերոն, ում անվամբ Չինաստանում անգամ կլարնետի փառատոն է անցկացվում:
Նշենք, որ ֆիլմը հովանավորներից է կլարնետներ արտադրող «Սելմեր» ֆիման, որի տրամադրած կլարնետով էլ Ֆիլիպ Պերոն կատարմամբ է հանդես եկել:
Սիմֆոնիկ երաժշտության կոմպոզիտոր Միշել Պետրոսյանը նշեց, որ ինքը տպավորված է հայկական սիմֆոնիկ նվագախմբով: «Ես միշտ սիրել եմ մեր արկեստրն ու ուրախ եմ, որ համաձայնեցին վերցնել ու կատարել իմ գործը: Ես զարմացած էի, թե ինչպես էի նվագում, մի տեսակ սեփականացնում էին երաժշտությունը, կածում եմ, որ շատ լավ է ստացվելու»,- ասաց նա:
Կլարնետիստ Ֆիլիպ Պերոն իր հերթին նշեց, որ սովորաբար երաժիշտները ֆիլմում ստվերում են լինում, բայց իրականում մեծ դեր են խաղում:
«Հենց երաժշտությունն է ներկայացնում ֆիլմի հերոսների հոգեվիճակը: Կարծում եմ, որ այս ֆիլմում երաժշտությունը ևս շատ մեծ դեր է խաղում: Երաժշտության օրիգինալությունը առաջին հերթին նրանում է, որ այն ժամանակակից է, բայց միևնույն ժամանակ շատ բարդ է: Այն ներառում է երգահանի խոսքը, որը ցանկանում է հանրությանը հասցնել: Ես հիացած եմ հայ սիմֆոնիկ նվագախմբի կատարմամբ»,- ասաց նա:
Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար Էդուարդ Թոփչյանն էլ նշեց, որ իրականում իր մասնակցությունը ֆիլմում ամենափոքրն է՝ նվագախումբը պարզապես կատարել է առաջադրված սիմֆոնիկ երաժշտությունը:
«Դրանով ավարտվեց մեր աշխատանքը, բայց ես ուրախ եմ, որ կարողացանք մասնակցություն ունենալ այս ֆիլմում, որովհետև հավաքված է շատ լավ կազմ: Շատ լավն է կոմպոզիտորը, ու նրա ստեղծագործություններն արդեն կատարվում են եվրոպական տարբեր դահլիճներում, ինչպես նաև կոմպոզիտորներից մեկը լինելու Տիգրան Համասյանը, որի մասին բոլորս գիտենք: Ֆիլմը երբ որ միշտ նայենք, կլսվի նաև մեր ձայնը, ինչի համար շատ ուրախ եմ»,-ասաց նա:










