Փոլ Ուոքերի 16-ամյա դուստրը դատի է տվել Porsche ընկերությանը
Կինոդերասան Փոլ Ուոքերի դուստրը դատի է տվել գերմանական Porsche ավտոընկերությանը։ 16-ամյա Մեդոու Ուոքերը կարծում է, որ Porsche Carrera GT մոդելում թերացումներ են եղել, որոնք հանգեցրել են իր հոր մահվանը։ Փոխհատուցման գումարը, որը պահանջում է աղջիկը, չի նշվում, փոխանցում է newsru.com-ը։
Համաձայն դատական հայցի՝ մեքենան, որով վթարի է ենթարկվել «Ֆորսաժ» ֆիլմերի գլխավոր դերակատարը, չի ունեցել սարքավորումներ, որոնք տեղադրված են եղել տվյալ ապրանքանիշի այլ մոդելներում։
Մեդոուի հայցում նշվում է, որ անմիջապես վթարից առաջ մեքենան ընթացել է 114 կմ/ժ արագությամբ։ Հետաքննությունը պարզել է, որ արագությունն ավելի բարձր է եղել՝ 151 կմ/ժ։ Այս և այլ փաստերի հիման վրա քննիչները եզրակացություն են արել, որ ողբերգության պատճառը եղել է արագության գերազանցումը, այլ ոչ տեխնիկական անսարքությունը։
«Եզրակացությունը հետևյալն է՝ Porsche Carrera GT-ն վտանգավոր մեքենա է, որը տեղ չունի փողոցում»,- նշել է աղջկա փաստաբանը։
Փոլ Ուոքերը մահացել է 2013թ. նոյեմբերի 30-ին Սանտա Կլարիտա քաղաքում։ Նա եղել է Porsche Carrera GT մեքենայի ուղևորը, որը վարել է նրա ընկերը՝ Ռոջեր Ռոդասը։










