Լուսանկարիչ Վիգեն Մնոյանի «Պորտֆոլիո» հաղորդաշարը կրկին եթերում կլինի
ATV հեռուստաընկերությունը Վիգեն Մնոյանի հետ համատեղ վերսկսում է լուսանկարչի՝ նախկինում հայտնի «Պորտֆոլիո» հաղորդաշարը։

Այն եթեր կհեռարձակվի որոշակի փոփոխություններով, շաբաթական մեկ անգամ՝ կիրակի օրերին։ Հայտնի մարդկանց հետ կլինեն հարցազրույցներ և ֆոտոշարքեր։ Հաղորդման հյուրերը կլինեն ոչ միայն հայկական շոու-բիզնեսի ներկայացուցիչներ, այլ նաև արտերկրից հրավիրված հայտնիներ։

Անդրանիկ հաղորդումը եթերում կլինի հոկտեմբերի 11-ին։
Tert.am-ի հետ զրույցում լուսանկարիչ Վիգեն Մնոյանն ասաց, որ նման հաղորդաշարն այժմ մեծ պահանջարկ ունի, քանի որ հետաքրքրությունը լուսանկարների և լուսանկարվելու հանդեպ այսօր ավելի մեծ է, քան տարիներ առաջ։

«Կլինեն տարբեր հյուրեր, երբեմն նաև հրավիրված դրսից։ Արդեն նկարահանել ենք հաղորդումը Մկոյի, Ալինա Մարտիրոսյանի, Գայանե Ասլամազյանի, Անահիտ Սիմոնյանի և մի շարք այլ հայտնիների հետ»,–ասաց նա և տեղեկացրեց, որ որպես հաղորդավար այս անգամ հանդես չի գալու։

«Հյուրը կպատասխանի հնչեցված հարցերին, իսկ ես ֆոտոշարք կանեմ։ Նախկին ծրագրից մի փոքր կտարբերվի նորը. նշեմ նաև, որ կա տաղավարի փոփոխություն։ Երեք տարբեր հաղորդումներ եմ ունեցել, բայց այս մեկը սիրվել էր հեռուստադիտողների կողմից. այս 6 տարիների դադարի ընթացքում բազմաթիվ անգամ են հարցրել թե ինչու չկա հաղորդումը։ Փաստորեն սիրված էր այն։ Ուրախ եմ, որ կրկին կլինի եթերում, այս անգամ՝ ATV-ի»,-ասաց Վիգեն Մնոյանը։

Նյութը՝ Լենա Մինասյանի
Լուսանկարները՝ Վիգեն Մնոյանի










