Մեր բացառիկ շնորհներից է մեր մշակույթը, որով կարողանում ենք աշխարհին մեզ ներկայացնել. Բագրատ եպիսկոպոս Գալստանյան
Յուրաքանչյուր մարդու համար սեփական մշակույթի յուրաքանչյուր ելևէջ հարազատ ու թանկ է, հատկապես երբ խոսվում է հայկական մշակութային աննկարագրելի հարուստ պաշարի մասին: Այս ունեցած արժեքները ոչ միայն պահպանելու, այլև վերագտնելու, նորից հրամցնելու ու բոլորին հասանելի ու մատչելի տարբերակով ներկայացնելու նպատակ ունի «Մշակութային վերածնունդ» հիմնադրամը՝ շուրջ մեկ տարի առաջ նախաձեռնելով իր առաջին, բայց ազդեցիկ նախագիծը՝ «Հայկական ազգային երաժշտական գանձարանը»:
Նախագծի գաղափարի, և արդեն իսկ իրականացված աշխատանքի մասին խոսելիս Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը հատկապես ընդգծում է նախագծի անվանումը, որն ինքնին ամեն ինչ ասում է նախագծի թե՛ նպատակի, թե՛ իրականացրած ահռելի ու կարևոր աշխատանքի մասին:
«Նախ անունն արդեն շատ խոսուն է ՝ «Գանձարան», որը կարծես հին ավանդության վերակրկնումը լինի, մեր գանձարանային մշակույթի վերածնունդը և շատ դիպուկ է ասված, որ վերածնունդի մասին է խոսքը, քանի որ բոլորս էլ գիտենք, որ մեր երգարվեստը, մեր երաժշտությունն ընդհանրապես տարտղնված, տարածված է և արդեն գրեթե հասել է անհատական մեկնաբանությունների»,- նշում է Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը, հույս հայտնելով, որ այս մեծ նախաձեռնության ճանապարհով կկարողանանք այն չափանիշներին համապատասխան լսել ու լսեցնել մեր արվեստը, որով և մենք ընդհանրապես տարբերվում ենք ու հպարտանում:
Նախագծի շրջանակներում ստեղծվել է միջազգային չափանիշներին համապատասխան հայկական ազգային երգերի ժամանակակից թվային ձայնադարան՝ օգտագործելով մեր ժառանգության ոսկե ֆոնդը, համադրելով մերօրյա տեխնիկական հնարավորություններն ու հնարամտությունները: Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը նախագծի հիմնական նպատակը յուրովի մեկնաբանեց ու ներկայացրեց. «Կարծում եմ, որ նախագիծը երկու նպատակ ունի. առաջինը դա մեր ներքին կրթության մասին է, նախ զորանալու, մեր ներքին կրթությունը վերատեսության ենթարկելու, վերածնունդ ապրելու, և երկրորդը՝ նաև որպես գործիք կարողանանք արտաքին աշխարհի հետ հաղորդակից լինել: Ես կարծում եմ, որ այսօր և ոչ միայն այսօր, այլ ընդհանրապես մեր բացառիկ տրված շնորհներից է մեր մշակույթը, որով մենք արտաքին աշխարհի հետ կարողանում ենք մեր հարաբերությունները մշակել, մենք մեզ ներկայացնել»: Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը մեծ ցանկություն հայտնեց, որպեսզի նախագիծը շարունակական դառնա, իր կրթական բնույթն ավելի խորացնի ու զարգացնի և դառնա բոլորիս սեփականությունը՝ յուրաքանչյուր հայ անհատի սեփականությունը:










