Իրանը հրաժարվել է մասնակցել Ֆրանկֆուրտի գրքի տոնավաճառին՝ գրող Սալման Ռուշդիի ներկայության պատճառով

12:57 • 09.10.15

Իրանը հրաժարվել է մասնակցել Ֆրանկֆուրտի գրքի խոշորագույն միջազգային տոնավաճառին՝ ի նշան այնտեղ անգլիացի գրող Սալման Ռուշդիի ներկայության դեմ բողոքի, ով «Սատանայական բանաստեղծություններ» աշխատության հեղինակն է, գրում է ТАСС-ը։

 

«Մշակույթի և իսլամական կողմնորոշման նախարարությունը հայտարարում է, որ Իրանը պաշտոնապես հրաժարվել է մասնակցել Ֆրանկֆուրտի գրքի տոնավաճառին՝ ի նշան այնտեղ Սալման Ռուշդիի ներկայության և միջոցառմանը ներկայացված նրա ստեղծագործությունների դեմ բողոքի»,- ասված է գերատեսչության հայտարարությունում։

 

«Իրանը նաև բոլոր մահմեդական երկրներին առաջարկում է արձագանքել տոնավաճառի կազմակերպիչների սադրիչ գործողություններին»,- նշվում է հաղորդագրությունում։

 

«Ֆրանկֆուրտի գրքի տոնավաճառն աշխարհում իր ոլորտում ամենահեղինակավոր միջոցառումներից մեկն է: Սակայն այս տարի այդ իրադարձությունը հրատարակչական գործի հետ աղաղակող հակասության մեջ է։ Կարծիքների և մտքերի արտահայտման ազատության հանդեպ հարգանքի քողի տակ՝ տոնավաճառը հնարավորություն է տալիս մարդուն, ով անցյալում միայն առաջացրել է իսլամական աշխարհի ատելությունն իր «Սատանայական բանաստեղծություններ»-ի համար, ներկայացնել իր վերջին աշխատանքները, որոնք ուղղակիորեն կամ անուղղակիորեն վիճարկում են իսլամական համոզմունքները և հայացքները»,- նշված է փաստաթղթում:

 

1989 թվականին «Սատանայական բանաստեղծությունների» հրատարակումից հետո Իրանի ղեկավար այաթոլլահ Խոմեյնին մեղադրել է Սալման Ռուշդիին իսլամը կոպտորեն անարգելու համար, նրան հայտարարել է բոլոր մահմեդականների թշնամի և մահվան դատավճիռ ընդունել հեղինակի նկատմամբ։

 

Իրանը հրաժարվել է մասնակցել Ֆրանկֆուրտի գրքի տոնավաճառին՝ գրող Սալման Ռուշդիի ներկայության պատճառով