Գրիգոր Կյոկչյանը «Նոր ալիք-2015» մրցույթի լավագույն արտիստ է ճանաչվել՝ ըստ Woman.ru-ի (լուսանկարներ)
«Նոր ալիք-2015» երաժշտական մրցույթում Հայաստանն այս տարի ներկայացրած Գրիգոր Կյոկչյանը ռուսական Woman.ru կայքի ընթերցողների քվեարկության արդյունքում հաղթող է ճանաչվել «լավագույն արտիստ» անվանակարգում։
Մինչ Սոչիում մրցույթի փակման արարողությունը, կազմակերպչական կոմիտեի անդամները լրագրողներին հրավիրել են մամուլի ասուլիսի՝ 10 օր տևողությամբ երաժշտական փառատոնի արդյունքներն ամփոփելու համար։
Միջոցառման ավարտին Woman.ru կայքը հատուկ մրցանակը հանձնել է Հայաստանի ներկայացուցչին։ Մի քանի շաբաթվա ընթացքում կայքի օգտատերերը քվեարկել են իրենց կարծիքով՝ մրցույթի ամենահեռանկարային մասնակցի օգտին։
Հայաստանի ներկայացուցչի օգտին քվեարկել է մոտ 10 000 մարդ։ Գրիգորը շնորհակալությոն է հայտնել բոլորին, ով քվեարկել է իր օգտին, և նշել է, որ արտիստի համար ամենակարևորը հանրության կողմից ճանաչված լինելն է, այլ ոչ ստացած բալերը, որոնք երիտասարդ երաժշտին բացարձակ չեն ապահովում կարիերայի զարգացում։
Կյոկչյանը խոստովանել է, որ իր համար ամենադժվարը եղել է մրցութային 2-րդ օրը, երբ ռուսական Iowa խմբի հետ համատեղ համար է ունեցել։ «Առաջին և երրորդ օրերին ես շատ բարձր գնահատականներ ունեի, բայց Iowa-ի հետ ուղղակի չստացվեց, չսազեցինք իրար, և դա երևում էր»,- ասել է նա։
Երիտասարդ երաժիշտն արդեն լուրջ պլաններ ունի, գրում է Woman.ru կայքը։ Նա «աֆրո-ռոք» ոճով նոր նախագիծ է պատրաստում և մտադիր է իր կարիերան շարունակել Ռուսաստանում։
Հիշեցնենք, որ Սոչիում ավարտված «Նոր ալիք-2015» երիտասարդ կատարողների մրցույթին մասնակցել է 12 երկրից 15 ներկայացուցիչ, այդ թվում` Հայաստանից: Հայաստանը մրցույթում այս տարի ներկայացրել է Գրիգոր Կյոկչյանը, ով 265 միավորով զբաղեցրել է 7-րդ տեղը։















