Լույս է տեսել «Հայ գրատպության և գրքարվեստի» հանրագիտարան
«Հայկական հանրագիտարան» հրատարակչության կողմից օրերս լույս է տեսել «Հայ գրատպության և գրքարվեստի» հանրագիտարանը, որը ինչպես այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց հրատարակչության գլխավոր խմբագիր ու տնօրեն Հովհաննես Այվազյանը 500-ամյա հայ գրատպության ողջ պատմության մասին է:
«Այս գիրքը գալիս է մեր գրատպության մշակույթը ներկայացնելուն, գիրքն ամփոփում է մեր 500-ամյա գրատպության պատմությունը՝ ներկայացնելով տպարանները, հրատարակիչներին, ներկայացված են արժեքավոր ձեռագրեր: Այսինքն՝ ավելին ասել գրքի մասին, հնարավոր չէ, բայց կարծում եմ, որ այն պետք է լայն ընդունելություն գտնի հասարակության մեջ»,-ասաց նա:
Հովհաննես Այվազյանը նշեց, որ գիրքը կազմելու համար պահանջվել է 3-4 տարի, ինչը երկար ժամանակ չէ՝ հաշվի առնելով բարդությունը:
«Թվում է, թե տեղեկատվությունը շատացել է, աղբյուրները շատացել են և ավելի հեշտ պետք է լինի, բայց հակառակը, ավելի դժվար է, քանի որ պետք է ստուգվեն ավելի շատ աղբյուրներ, քան նախկինում: Պետք է համեմատվի ու համադրվի ամբողջ տեղեկատվությունը»,-ասաց նա:
Ինչ վերաբերում է ֆինանսավորմանը, ապա Հովհաննես Այվազյանը նշեց, որ այս տարիների ընթացում պետության կողմից ստացել են 14 մլն դրամ, որը առաջին հայացքից մեծ գումար է թվում, բայց մի քանի տարիների ընթացքում հանրագիտարան կազմելու համար քիչ է:
«Գրքի տպաքանակը կազմում է 1500 օրինակ, մեծ մասն արդեն պատրաստ է: Այն կազմված է մեկ հատորից՝ 1200 էջով»,-ասաց նա:










