Ֆրենսիս Ֆորդ Կոպոլան շնորհավորել է System of a Down խմբին

12:25 • 17.10.15

Հոլիվուդյան առաջնակարգ ռեժիսոր Ֆրենսիս Ֆորդ Կոպոլան շնորհավորական ուղերձ է հղել հանրահայտ System of a Down ռոք խմբին` Փարաջանով-Վարդանով ինստիտուտի մրցանակին արժանանալու առթիվ։ Հայտնի է, որ խումբը մրցանակը կստանա Wake Up the Souls շրջագայության միջոցով արդարության վերականգնմանը նպաստելու համար։

 

Ինչպես նշում է parajanov.com-ը, ռեժիսորի հղած ուղերձում մասնավորապես նշվում է. «Ուզում եմ շնորհավորանքներս հղել System of a Down խմբին` իմ կողմից մեծապես հարգված կինոգործիչներ Սերգեյ Փարաջանովի և Միքայել Վարդանովի անվան մրցանակը ստանալու պատվին արժանանալու համար։ Շատ ուրախ եմ տեղեկանալ, որ խումբը պատրաստակամություն է հայտնել օգնելու վերականգնել Միքայել Վարդանովի «Փարաջանով. վերջին գարունը» ֆիլմը։ Այն ստեղծվել է արգելքների պայմաններում և ապացուցում է, որ արվեստի ուժն ի զորու է հաղթահարել ցանկացած սահմանափակումներ։ Ես կոչ եմ անում մյուսներին ևս միավորվել այս կարևորագույն նախաձեռնության շուրջ»։

 

Աղբյուրը մանրամասնում է, որ մրցանակի շնորհման հանդիսավոր արարողությունը կայանալու է Հոլիվուդում` հոկտեմբերի 21-ին։

 

Ֆրենսիս Ֆորդ Կոպոլան շնորհավորել է System of a Down խմբին