ՊՆ–ն հերքում է, թե Կապանում վթարվել է զինծառայողներ տեղափոխող Урал ավտոմեքենան, ինչի հետևանքով տուժածներ կան
ՀՀ պաշտպանության նախարարությունը հերքում է shamshyan.com կայքի տեղեկությունը, թե ՀՀ ՊՆ համարանիշներով Урал մակնիշի ավտոմեքենան այսօր Կապանի տարածաշրջանի Գեղի գյուղից դեպի Չարքանդ կամուրջ ընթանալիս դուրս է եկել երթևեկելի գոտուց և ընկել գետը, ինչի հետևանքով 26 զինծառայող մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։
Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը Tert.am–ի հետ զրույցում ասաց, որ ավտոմեքենան թեթև վնասվել է, լուրջ բան չի եղել, ոչ ոք չի տուժել:
Ինչ վերաբերում է հարցին, թե վթա՞ր է եղել, նա ասաց, որ չի կարող ասել: «Դե հիմա կարող է սղացրել է մեքենան»,-ասաց նա:
Սյունիքի մարզի «Շտապ օգնությունից» Tert.am–ին նախ հայտնեց, որ ոչ մի կանչ չի եղել, ապա ներքին հեռախոսահամարներով ճշտումներից հետո հայտնեց, որ վիրավորներ չկան, ոչ մի վիրավոր չկա, մի քիչ վնասվել է մեքենան:
Կապանի հիվանդանոցից էլ հայտնեցին, որ իրենց մոտ որևէ վիրավոր չի բերվել:










