Այս տարի բուհ ընդունվել է 1300-ով պակաս ուսանող, անվճար սովորողների թիվը նույնն է. հայտնի են ընդունելության քննությունների արդյունքները

19:41 • 17.07.17

Այս տարվա միասնական քննությունների վերջնական տվյալներով բարձրագույն ուսումնական հաստատություն է ընդունվել 8266 դիմորդ: Այս մասին Tert.am-ին հայտնեց Գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրեն Արա Իսպիրյանը:

Միասնական քննությունների առաջին և երկրորդ փուլերին մասնակցելու համար հայտագրված դիմորդների թիվը 9559 է։ Ընդունվածներից 1312-ը սովորելու է անվճար համակարգում, 6954-ը՝ վճարովի։ 79 դիմորդ արտոնություն կստանա բուհերի սահմանած տեղերում, 111-ն էլ ընդունվել է Պաշտպանության նախարարության հատկացված տեղերում:

«Յուրաքանչյուր տարի պաշտպանության նախարարությունը՝ հաշվի առնելով քանի պահանջ ունի իր մասնագիտության համար, դիմում է կրթության գիտության նախարարություն և այդքան տեղեր է հատկացվում: Այս տարի ՊՆ-ի հատկացված տեղեր ենք ունեցել ԵՊՀ-ում, Բժշկական համալսարանում և այլն»,- նշեց Իսպիրյանը:

Համեմատության համար նշենք, որ անցյալ տարի դիմորդների ընդհանուր թիվը կազմել է 13 941, որը առավել քան 4000-ով շատ է: Ընդունվածների թիվը եղել է 9520՝ մոտ 1300-ով ավելի: Ինչ վերաբերում է անվճար համակարգում սովորելուն, ապա այդ ցուցանիշը գրեթե չի փոխվել՝ 1307-ը այս տարվա 1312-ի դիմաց: Անբավարար գնահատականների մասով էլ այս տարի դրական միավորի շեմը չի հաղթահարել 1293 դիմորդ նախորդ տարվա 1530-ի փոխարեն։

ԳԹԿ պետի խոսքով՝ այժմ ընթանում է թափուր տեղերի համար դիմում-հայտերի ընդունման գործընթացը, որը տևելու է մինչև հուլիսի 20-ը: Նրանք, ովքեր առկա համակարգում սովորելու հնարավորության չեն ստացել, հնարավորության են ստացել նաև իրենց ուժերը փորձել հեռակա համակարգ ընդունվելու համար:

ԳԹԿ պետ Արա Իսպիրյանի կարծիքով՝ այս տարի քննությունները բավականին հաջող են անցել:

«Մենք որևէ տեսակի խնդիրներ չենք ունեցել քննությունների անցկացման ժամանակ: Առարկաների արդյունքները եղել է նորմայի սահմաններում, նաև դրական միտումներ ենք ունեցել: Իսկ բուհեր ընդունվողների թիվը նվազել է, որը կապված է դիմորդների թվի նվազման հետ»,- ասաց նա: