Բրազիլահայ լուսանկարիչ Գասպար Գասպարյանի ցուցահանդեսով Երևանում տրվեց «ՍՏԱՆԴԱՐՏ» տրիենալեի մեկնարկը
Բրազիլահայ հայտնի լուսանկարիչ Գասպար Գասպարյանի ցուցահանդեսով այսօր Երևանում տրվեց Հայաստանում հիմնված «ՍՏԱՆԴԱՐՏ» ժամանակակից արվեստի տրիենալեի մեկնարկը:
«Մեկ տարի առաջ ես Ադելինա ֆոն Ֆյուրշթենգերգի հետ զրուցեցի և քննարկեցի, թե ինչպես կարելի է կազմակերպել Գասպար Գասպարյանի ցուցահանդեսը: Այդպես զարգացավ նաև տրիենալեի գաղափարը, և կարծես թե զուգադիպեց ցուցահանդեսի բացման ցանկության հետ: Այսօր մենք արդեն տեսնում ենք, որ տրիենալեն բացվում է Գասպար Գասպարյանի ցուցահանդեսով»,-լրագրողների հետ զրույցում ասաց ցուցահանդեսի համադրող Ռուբեն Արևշատյանը:
Նա մատնանշեց, որ Գասպար Գասպարյանն իրապես շատ հայտնի արվեստագետ է, սակայն անհայտ է հայ արվեստասերների համար, ինչպես բազմաթիվ այլ արվեստագետներ:
«Որովհետև սովետական ժամանակաշրջանում մենք ծանոթ էինք սփյուռքը ներկայացնող մի քանի արվեստագետների, և դրանով կարծես թե մեր գիտելիքները պարփակվում էին»,- ասաց նա՝ նշելով, որ իրականում սփյուռքի արվեստագետները ներկայացնում են արվեստի տարբեր շերտեր, ներկայացնում են մոդեռնիստական մտածողության շատ տարբեր սեգմենտներ:
Ռուբեն Արևշատյանը նշեց, որ Երևանում բացված ցուցահանդեսում ներկայացված է Գասպար Գասպարյանի գործերի մի ընտրանի՝ 2011 թվականին լուսանկարչի նեգատիվից անալոգ մեթոդով տպագրված լուսանկարներ, որոնցում երևում է տրամաբանական զարգացում, թե ինչպես է բրազիլական մտածողության մեջ ավանդական լուսանկարչությունից անցում կատարվել դեպի արդի լեզվամտածողություն:
Նշենք, որ Գասպար Գասպարյանը, Սան Պուլուի լուսանկարչական դպրոցի հիմնադիրներից մեկը լինելով, ոչ միայն փորձարկումներ է կատարել ձևերի, լույսի, օպտիկական աղճատումների և վերացական ձևափոխումների հետ, այլև իր ստեղծագործություններում մշակել է ինքնուրույն դիտանկյուն՝ կանոնակարգելով իրականության հատվածական ընկալմանը նետված նորովի հայացքը: Նրա լուսանկարները կարելի է տեսնել մշտական հավաքածուներում, ինչպիսիք են Նյու Յորքի ժամանակակից արվեստ թանգարանը, Լոնդոնի «Թեյթ մեդեռն» թանգարանը, Սան Պաուլոի Արվեստի թանգարանը և այլն:










