Ռուսաստանի բնակիչների մեծամասնության ամենասիրած նկարիչը հայազգի Հովհաննես Այվազովսկին է. հարցում

12:49 • 28.07.17

Հանրային կարծիքի ուսումնասիրման համառուսաստանյան կենտրոնի («ВЦИОМ-Спутник») հարցման արդյունքները վկայում են, որ Ռուսաստանի բնակիչների մեծամասնության (հարցվածների 27 տոկոսը) ամենասիրած նկարիչը հայազգի հանճարեղ ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկին է: Հարցվածների 26 տոկոսը քվեարկել է Իվան Շիշկինի, իսկ 16 տոկոսը՝ Իլյա Ռեպինի օգտին: Այս մասին հայտնում է Life-ը:

Աղբյուրի հաղորդմամբ՝ ուսումնասիրությունն անցկացվել է Այվազովսկու ծննդյան 200-ամյակի պատվին: Այն նաև ցույց է տվել, որ նկարիչը զբաղեցնում է երրորդ տեղն ամենահայտնի ռուսաստանցի գեղանկարիչների ազգային վարկանիշում. հարցման մասնակիցների 24 տոկոսն ասել է նրա ազգանունը՝ պատասխանելով համապատասխան հարցին: Վարկանիշի առաջին տեղը զբաղեցրել է Իվան Շիշկինը (32 տոկոս), իսկ երկրորդը՝ Իլյա Ռեպինը (29 տոկոս):

Հարցվածների 93 տոկոսը հայտնել է, որ իրենց հայտնի է նկարչի ազգանունը, իսկ 64 տոկոսն ասել է, որ իրենց դուր են գալիս հեղինակի աշխատանքները:

Նշվում է, որ հարցումն անցկացվել է հուլիսի 16-17-ը՝ հեռախոսային հարցազրույցի միջոցով: Ուսումնասիրությանը մասնակցել են չափահաս անձինք:

Հիշեցնենք, որ Հովհաննես Այվազովսկու 200-ամյակին նվիրված ցուցահանդեսը, որն անցկացվել է Մոսկվայի Տրետյակովյան պատկերասրահում, ներառվել է 2016 թվականի՝ աշխարհի ամենաայցելված ցուցադրությունների ցանկում: 

 

Ռուսաստանի բնակիչների մեծամասնության ամենասիրած նկարիչը հայազգի Հովհաննես Այվազովսկին է. հարցում