Լյուկ Բեսոնը մտադիր է իր հաջորդ ֆիլմը նկարահանել Ռուսաստանում

13:18 • 28.07.17

Ֆրանսիացի ռեժիսոր Լյուկ Բեսոնը հայտնել է, որ մտադիր է իր հաջորդ ֆիլմը նկարահանել Ռուսաստանում:

РИА Новости-ի հաղորդմամբ՝ հինգշաբթի Բեսոնը ժամանել է Մոսկվա՝ ռուս հանդիսատեսին «Վալերիանը և հազարավոր մոլորակների քաղաքը» ֆիլմը ներկայացնելու համար: Ֆիլմի փակ պրեմիերան կայացել է «Барвиха Luxury Village» համերգասրահում:

«Այժմ մի բան կասեմ ձեզ, որը երբեք ոչ ոքի չեմ ասել: Ես պլանավորում եմ իմ հաջորդ նախագծի նկարահանումները սկսել Ռուսաստանում: Հավատացեք՝ ես սա չեմ ասում բոլոր երկրներում, որոնք այցելում եմ: Եվ սա ցույց է տալիս՝ որքան ուժեղ եմ սիրում ձեզ: Չնայած ամբողջ քաղաքական իրավիճակին՝ մենք, մարդիկ, պետք է մարդավարի վերաբերվենք իրար և աջակցենք՝ անկախ ամեն ինչից», - ասել է Բեսոնը փակ պրեմիերայից առաջ:

Նշվում է, որ «Վալերիանը և հազարավոր մոլորակների քաղաքը» ֆիլմի իրադարձությունները տեղի են ունենում հեռավոր 28-րդ դարում: Տիեզերական հատուկ գործակալներ Վալերիանը (Դեյն ԴեՀաան) և Լորելինը (Կարա Դելևին) մեկնում են Ալֆա մոլորակ, որտեղ հավաքվում են հազարավոր էակներ ամբողջ տիեզերքից: Սակայն հատուկ գործակալները միջգալակտիկական դավադրության ակամա մասնակիցներ են դառնում. ինչ-որ մեկը որոշել է զավթել իշխանությունը Հազար Մոլորակների քաղաքում, և Վալերիանի ու Լորելինի առաքելությունը Տիեզերքը մոտեցող վտանգից պաշտպանելն է:

Լյուկ Բեսոնը մտադիր է իր հաջորդ ֆիլմը նկարահանել Ռուսաստանում