Սբ Գրիգոր եկեղեցին վերականգնվել է, սակայն Արևմտյան Հայաստանի մյուս եկեղեցիներն անմխիթար վիճակում են. Է. Մինասյան (տեսանյութ)
ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան Էդիկ Մինասյանը, պատմության ֆակուլտետի շրջանավարտ Գեղամ Ասատրյանն այսօր մամուլի ասուլիսին անդրադարձան Արևմտյան Հայաստան կատարած ուխտագնացությանը, որտեղ՝ Աղթամարի Սբ Խաչ եկեղեցում պատմության ֆակուլտետի շրջանավարտներին հանձնվել են դիպլոմները:
Էդիկ Մինասյանն ասաց, որ սա հերթական այցելությունն էր Արևմտյան Հայաստան: «Իսկապես ուխտի ենք գնում՝ նպատակ ունենալով այցելելու հինավուրց պատմական հուշարձաններ, եկեղեցիներ, որոնք կարծես գերված են թուրքական իշխանության կողմից: Պատմական հայրենիքում շրջանավարտներին ավարտական վկայականների հանձնումով ցանկանում էինք ցույց տալ, որ հայրենիքի Արևմտյան հատվածը ազատագրված չէ և պետք է ազատագրվի իրենց և իրենց սերնդների միջոցով»,-ասաց նա:
Էդիկ Մինասյանը նշեց, որ մեկնել են 70 հոգանոց խմբով և բացի հայրենասիրական և պատմաճանաչողական նպատակից, նրանք ցանկանում էին ամրապնդել երիտասարդների մեջ տարածքների հետ վերադարձի գաղափարը: «Այլ բան է քարտեզներում տեսնելը, այլ բան է առնչվելը, զգալը: Սա բաց երկնքի տակ թանգարան էր և բաց դաս շրջանավարտների համար»,-ասաց նա:
Ինչ վերաբերում է հուշարձանների վիճակին, ապա Էդիկ Մինասյանն ասաց, որ տեղեր կային, որ անմխիթար վիճակում էին և միայն Անի եկեղեցին, որն ընդգրկած է ՅՈՒՆԵՍԿՕ–ում, ստիպված հետևողական էին գտնվում:
«Սուրբ Գրիգոր եկեղեցին որոշակի վերականգնվել է, սակայն թուրքական ոճը՝ հայկական նախկին ոճի մեջ խառնված, ամեն դեպքում վերանորոգել են: Մյուս եկեղեցիները անմխիթար վիճակում են գտնվում»,- ասաց նա:
Պատմաբանը նկատեց, որ առանձին տեղերում նույնիսկ տարածքներն անասունների արոտավայրի տեղ էին դարձել, թռչնաշուկա։ Նա նաև պատմեց մի միջադեպ, երբ մի կին հայտարարել է, թե հողե՞րն եք ուզում տանեք, իսկ նրանք արձագանքել են, որ բոլոր հողերն էլ ժամանակի ընթացքում կտանեն:
Նա ասաց, որ Սբ Աղթամար եկեղեցին վերածվել էր թանգարանի, թեև մոմ վառելու հնարավորություն գտել են: «Ոսկի գտնելու նպատակով թուրքերը քանդել և ջարդել, ավերել են պատմական մեր հուշարձանները»,-հավելեց նա:
Գեղամ Ասատրյանը նախ շատ կարևորեց այս այցը և նշեց, որ այն շրջանավարտների համար շատ սպասված էր: «Տպավորությունները երկակի էին, նախ աչքիդ առաջ է գալիս ազգային–ազատագրական պաքարի յուրաքանչյուր հատված, ամեն քայլափոխի երգերով էինք կարոտ ապրում, բայց մյուս կողմից կար հուշարձանների անմխիթար վիճակը, պատմական խեղաթյուրումը»,- ասաց նա և նկատեց, որ երբեմն միտումնավոր են հասցվել վնասները:










