Մայքլ Ջեքսոնի Thriller երգի տեսահոլովակի 3D տարբերակի պրեմիերան կկայանա Վենետիկի կինոփառատոնի ժամանակ
Ամերիկացի երգիչ Մայքլ Ջեքսոնի Thriller երգի հանրահայտ տեսահոլովակի 3D տարբերակի պրեմիերան կկայանա Վենետիկի կինոփառատոնի ժամանակ: Այս մասին հայտնում է Rolling Stone-ը:
Հայտնի է, որ տեսահոլովակը նկարահանվել է 1983 թվականին: Նոր տարբերակի աշխատանքներն իրականացվել են տեսահոլովակի օրիգինալ տարբերակի ռեժիսոր Ջոն Լենդիսի վերահսկողության տակ:
«Այնքան երջանիկ եմ, որ հնարավորություն եմ ունեցել ոչ միայն վերականգնել, այլ նաև բարելավել Մայքլ Ջեքսոնի Thriller-ը», - ասել է նա:
Լենդիսի խոսքով՝ չնայած տեսահոլովակը նկարահանվել է ավանդական մեթոդով, իրենց հաջողվել է «ստեղծագործաբար» օգտագործել 3D-ն:
Նշվում է, որ ի սկզբանե 3D տարբերակը նախատեսված է եղել Ջեքսոնի This Is It շրջագայության համար: Սակայն 2009 թվականին՝ Ջեքսոնի մահից հետո, Լենդիսը և երաժշտի իրավահաջորդներն իրավական պայքար են սկսել Thriller-ի համար, որը շարունակվել է մոտ 5 տարի:










