Ավստրալիայում անհայտ անձինք ներխուժել են թանգարան և սղոցել դինոզավրերի մոդելների գլուխները (լուսանկարներ)
Ավստրալիայի մայրաքաղաք Կանբերրայում անհայտ անձինք ներխուժել են Դինոզավրերի ազգային թանգարան և սղոցել դինոզավրերի երեք մոդելի գլուխները: Այս մասին հայտնում է ABC-ն:
Աղբյուրի հաղորդմամբ՝ միջադեպը տեղի է ունեցել լույս օգոստոսի 6-ին, սակայն լրատվամիջոցներն այդ մասին իմացել են այժմ: Ապակեպլաստիկից պատրաստված ֆիգուրները ցուցադրվել են թանգարանի շենքից դուրս, և չարագործները ենթադրաբար մետաղասղոցով կտրել են դրանց գլուխները: Նրանք վերցրել են ֆիգուրների մասերը և հեռացել ֆուրգոնով. փոխադրամիջոցը նկարահանվել է տեսահսկման համակարգի խցիկներով:
Ոստիկանության աշխատակիցները որոնում են վանդալներին:
Թանգարանի աշխատակիցները նշել են, որ մոդելները կարելի է վերականգնել, սակայն անհրաժեշտ են պակասող դետալները:













