Հայտնի է դարձել, թե ուր կուղղվի Ժաննա Ֆրիսկեի բուժման համար հավաքված ավելի քան 21 մլն ռուբլին
«Ռուսֆոնդը» կօգնի օնկոլոգիական հիվանդություններ ունեցող երեխաներին գումարների հաշվին, որոնք ավելի վաղ հավաքվել էին հայտնի երգչուհի Ժաննա Ֆրիսկեի բուժման համար, գրում է gazeta.ru-ն:
Նշենք, որ Ֆրիսկեն մահացել է 2015թ.-ի հունիսի 15-ին՝ գլխուղեղի քաղցկեղից:
Նվիրատուները, որոնք դեմ կլինեն երգչուհու ընտանիքի կողմից հիմնադրամին վերադարձված գումարների՝ հիվանդ երեխաներին նվիրաբերմանը, կկարողանան հետ ստանալ դրանք, հայտնել է «Ռուսֆոնդի» նախագահ Լև Ամբինդերը:
«Ըստ «Ռուսֆոնդի» կանոնների՝ մենք մեր պաշտոնական կայքում կպատմենք ամեն երեխայի մասին, որն օգտվել է այդ միջոցներից», - հավելել է Ամբինդերը:
Հիշեցնենք, որ օգոստոսի 10-ին Մոսկվայի քաղաքային դատարանն օրինական է ճանաչել Ժաննա Ֆրիսկեի ծնողներից ավելի քան 21 մլն ռուբլին վերադարձնելու որոշումը։ Գումարը հավաքել էր «Ռուսֆոնդը»՝ երգչուհու բուժման համար։










