ԱՄՆ-ում անօթևաններին 100 լուսանկարչական ապարատ է տրամադրվել՝ իրենց կյանքը լուսանկարելու համար (լուսանկարներ)

10:31 • 12.08.17

ԱՄՆ-ի Հարավային Կարոլինա նահանգի Սպարտանբերգ քաղաքում հետաքրքիր նախագիծ է մեկնարկել, որի նպատակն անօթևան մարդկանց բարոյական և նյութական օգնություն ցուցաբերելն է: Through Our Eyes («Մեր աչքերով») կոչվող նախագծի թիմը 100 լուսանկարչական ապարատ է նվիրել անօթևաններին՝ խնդրելով նկարահանել իրենց կյանքի յուրաքանչյուր օրը: Սա արդեն երրորդ նման նախագիծն է, և կազմակերպիչները փորձում են ոգեշնչել լուսանկարիչներին և մարդկանց գիտակցությանը հասցնել հասարակությունում ապրող անօթևանների խնդիրները:

Big Picture-ը գրում է, որ լուսանկարչական ապարատից բացի՝ նախագծի մասնակիցներին տրամադրվել են «Լուսանկարիչ» գրությամբ վերնաշապիկներ, որպեսզի նրանք զգան իրենց նոր դերը:

Աղբյուրի հաղորդմամբ՝ սկսնակ լուսանկարիչները պետք է 5 օր նկարահանեին իրենց կյանքը: Այնուհետև ժյուրին դիտել է ստացված 800 լուսանկարից յուրաքանչյուրը և ընտրել 20 նկար:

Նշվում է, որ լավագույն 20 լուսանկարները ցուցադրվել են Չապմանի մշակութային կենտրոնի պատկերասրահում. դրանք կարելի է տեսնել օգոստոսի 1-30-ը: Յուրաքանչյուր աշխատանք ուղեկցված է անվանումով, նկարագրությամբ, լուսանկարչի դիմանկարով և նվիրատվության արկղով: Ցուցահանդեսի այցելուները կարող են գումարի միջոցով քվեարկել իրենց հավանած աշխատանքների օգտին:

Ամսվա վերջում ամենաշատ նվիրատվությունները հավաքած մասնակիցները հաղթող կճանաչվեն: Լավագույն եռյակում ներառված լուսանկարիչները կարժանանան իրենց կարիքներին համապատասխան նյութական վարձատրության:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ԱՄՆ-ում անօթևաններին 100 լուսանկարչական ապարատ է տրամադրվել՝ իրենց կյանքը լուսանկարելու համար (լուսանկարներ)