Լույս է տեսել Սամվել Մկրտչյանի վերջին գրական աշխատանքը

17:04 • 12.08.17

Օրերս լույս է տեսել Սամվել Մկրտչյանի վերջին գրական աշխատանքը՝ Հայ պոեզիայի անթոլոգայի անգլերեն երկհատորը՝ Նաիրա Զոհրաբյանի և «Անտարես» հրատարակչության համատեղ հովանավորությամբ։

Սամվել Մկրտչյանը երկհատորյակն ամբողջապես պատրաստել էր տպագրության, առաջին էջերի նկարազարդումները ևս Սամվելինն են, սակայն այդպես էլ չհասցրեց իջեցնել տպագրության։

Այս երկհատորյակը բոլոր ժամանակների հայ պոետների ստեղծագործությունների ընտրանին է, որ ներկայացվում է անգլալեզու ընթերցողին՝ Նարեկացի, Մկրտիչ Նաղաշ, Սայաթ Նովա, Բաղդասար Դպիր,  Չարենց, Դուրյան, Սիամանթո,  Կոստան Զարյան, Արշակ Չոբանյան, Արշիլ Գորկի՝ մինչեւ Սլավիկ Չիլոյան, Արմեն Շեկոյան, Արա Բելիոզյան, Վիոլետ Գրիգորյան, Էդուարդ Հարենց եւ էլի տասնյակ-տասնյակ հայ  պոետներ։

Ինչպես Tert.am–ի հետ զրույցում նշեց Նաիրա Զոհրաբյանը, Սամվել Մկրտչյանը մեծ սիրով էր աշխատում այս անթոլոգիայի վրա»։ «Աշխարհում փնտրում ու գտնում էր հայ տաղանդավոր երիտասարդ պոետների ու եթե հավանում էր նրանց այս կամ այն բանաստեղծությունը, ապա անմիջապես թարգմանում և տեղադրում էր անթոլոգիայի մեջ։ Ասում էր՝ սա լինելու է հայ պոեզիայի ժամանակագրությունը, որտեղ պարտադիր չէ, որ բոլոր և բոլորի ստեղծագորուծությունները լինեն բացառիկ։ Ես կարծում եմ, որ բացառիկ է հենց Սամվելի այս երկհատորյակը, ինչպես Սամվելի բոլոր թարգմանություններ»,– ասաց Նաիրա Զոհրաբյանը։

Սամվել Մկրտչյանի այս անթոլոգիան արդեն Օքսֆորդի, Քեմբրիջի և բազմաթիվ այլ առաջատար համալսարանների գրադարաններում է։   

 

 

Լույս է տեսել Սամվել Մկրտչյանի վերջին գրական աշխատանքը