ԱՄԷ-ում ձերբակալված ռեժիսոր Արիկ Մանուկյանի ընկերներն օգնության համար դիմել են Կադիրովին
Անօդաչու թռչող սարքով ապօրինի նկարահանումներ իրականացնելու մեղադրանքով հունիսին Արաբական Միացյալ Էմիրություններում (ԱՄԷ) ձերբակալված ռուսաստանցի ռեժիսոր Արիկ Մանուկյանի աջակցության խումբն օգնության խնդրանքով դիմել է Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովին: Այս մասին ria.ru-ի հետ զրույցում հայտնել է անձամբ ռեժիսորը:
«Մեր տղաները դիմել են Չեչնիայի Հանրապետության նախագահ Ռամզան Կադիրովին: Այսօր ստացել ենք պատասխանը, հանրապետության վարչակազմն ասել է, որ կզբաղվի մեր հարցով: Նախագահի օգնականը կապվել է Կադիրովին դիմած տղաների հետ ու հստակ տվյալներ, անհրաժեշտ փաստաթղթեր պահանջել»,-ասել է Մանուկյանը:
Նա հավելել է, որ կիրակի հանդիպում է կայացել ԱՄԷ-ի դատախազի հետ, որը հայտնել է, որ գործը շուտով դատարան է ուղարկվելու:
Ավելի վաղ ԱՄԷ-ում ՌԴ դեսպանատան հյուպատոսական բաժնի ղեկավար Ռամիլ Բիկմուլինը հավաստիացրել է, որ Ռուսաստանի իշխանություններն անում են հնարավոր ամեն բան իրավիճակը կարգավորելու համար:
Աղբյուրը հիշեցնում է, որ Մանուկյանը ձերբակալվել է Աբու Դաբիում 2 ամիս առաջ: Նա առանց տեղի իշխանությունների հետ համաձայնեցնելու անօդաչու սարքով հարսանեկան տեսանյութ էր նկարահանել շեյխ Զաիդի Մեծ մզկիթի մոտ:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր Tert.am-ը, ռեժիսորը մզկիթի ավտոկայանատեղից անօդաչուի միջոցով նկարահանել է ճարտարապետական համալիրի ընդհանուր տեսքը:
«Մզկիթի պահակները նկատեցին թռչող սարքը, մոտեցան մեզ և, առգրավելով այն, մտան մզկիթ: Մի քանի ժամ սպասեցինք այնտեղ՝ կարծելով, թե մեզ կարող են տուգանել և բաց թողնել, սակայն ինձ, եղբորս և փեսայի եղբորը տարան քրեական հետախուզության բաժանմունք», -ավելի վաղ վերհիշել էր ռեժիսորը:
Մանուկյանը պատմել էր, որ այնտեղ իրենք մնացել են 6 օր՝ հնարավորություն չունենալով զանգահարել հարազատներին և ընկերներին, որոնք մտածել են, թե նրանց հետ դժբախտ դեպք է տեղի ունեցել: Այնուհետ նրանց անսպասելի ազատ են արձակել, սակայն ռեժիսորը չի կարող լքել երկիրը, մինչև գործի փակվելը։










