Ջորջ Մարտինը պատմել է՝ ինչու է «սպանում» իր գրքերի գլխավոր հերոսներին
Ամերիկացի գրող, «Սառույցի և կրակի երգ» վիպաշարի հեղինակ Ջորջ Մարտինը պատմել է, որ նա իր գրքերի գլխավոր հերոսներին սպանում է ընթերցողներին լարվածության և վախի մեջ պահելու համար: Այս մասին հայտնում է РИА Новости-ն:
Մարտինի գրքերը հայտնիություն են ձեռք բերել էկրանավորումից հետո. նրա ստեղծագործությունների վրա հիմնված «Գահերի խաղը» դարձել է ամբողջ աշխարհի հանդիսատեսի ամենասիրած հեռուստասերիալներից մեկը:
«Երբ հերոսը փորձանքի կամ վտանգի մեջ է, ուզում եմ, որ ընթերցողը վախենա և լարվածության մեջ լինի: Կարծում եմ՝ դա անելու միակ հնարավորությունը կարևոր մեկին հանկարծակի սպանելն է: Այդ ժամանակ ընթերցողը կիմանա, որ դու իսկապես խաղում ես, որ սա մի գիրք է, որում կարող է ցանկացած բան տեղի ունենալ, և եթե վտանգ առաջանա, կերպարը կարող է մահանալ: Ահա թե ինչու սպանեցի Էդարդ Ստարկին», - պատմել է Մարտինը լրագրողներին:
Հայտնի է, որ «Սառույցի և կրակի երգի» գլխավոր կերպարներից մեկը՝ Էդարդ Ստարկը, մահացել է վիպաշարի առաջին մասի վերջում:
Մարտինը բացատրել է, որ դեռահասության տարիներին ինքը գրքեր է կարդացել, որոնք, իր կարծիքով, չափազանց կանխատեսելի են եղել:
«Սկսում ես կարդալ առաջին գլուխը և արդեն գիտես՝ ինչ կլինի հետո: Ահա հերոսը, ահա չարագործը: Հերոսը որոշ ժամանակով կհայտնվի փորձանքի մեջ, սակայն արդյունքում հաղթանակ կտանի: Հերոսի համար իրական վտանգ չկա: Սիրում եմ գրքեր, որոնք զարմացնում, ցնցում և անսպասելի ուղղությամբ են տանում, ազդում են զգացողություններիս վրա, գրգռում և լարվածության մեջ են պահում ինձ», - պարզաբանել է գրողը:










