Տորոնտոյի կինոփառատոնում կկայանա Էրիկ Նազարյանի համահեղինակած «Երեք Քրիստոս» ֆիլմի պրեմիերան

22:12 • 16.08.17

«Երեք Քրիստոս» ֆիլմը, որի ռեժիսորն է ամերիկացի Ջոն Էվնեթը, իսկ սցենարի համահեղինակներն են ամերիկահայ ռեժիսոր, սցենարիստ, ֆոտոլրագրող Էրիկ Նազարյանն ու Էվնեթը, կցուցադրվի Տորոնտոյի 42-րդ միջազգային կինոփառատոնի շրջանակներում:

Ինչպես ներկայացնում է The Armenian Weekly-ն, ֆիլմը պատմում է բժիշկ Ալան Սթոունի մասին, որը բուժում է շիզոֆրենիայով տառապող 3 հիվանդի, որոնցից յուրաքանչյուրը վստահ է, որ Հիսուս Քրիստոսն է: Ֆիլմում նկարահանվել են Ռիչարդ Գիրը (բժշկի դերում), Փիթեր Դինկլեյջը, Ջուլիանա Մարգուլիսը, Ուոլթոն Գոգինսը, Բրեդլի Ուիթֆորդը և Ջեյն Ալեքսանդրը:

Ֆիլմի համաշխարհային պրեմիերայի մասին հայտարարվել է օգոստոսի 15-ին: Կինոփառատոնի կազմակերպիչները հայտարարել են նաև ֆրանսահայ ռեժիսոր Ռոբեր Կետիկյանի «Լա Վիլլա» ֆիլմի համաշխարհային պրեմիերայի մասին:

Տորոնտոյի 42-րդ միջազգային կինոփառատոնն անցկացվելու է սեպտեմբերի 7-17-ը:

 

Տորոնտոյի կինոփառատոնում կկայանա Էրիկ Նազարյանի համահեղինակած «Երեք Քրիստոս» ֆիլմի պրեմիերան