Ազնավուրը Լոս Անջելես մեկնելուց առաջ հանդիպել է Օլանդին

15:29 • 17.08.17

Աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրը հեղինակավոր Փառքի ծառուղում անվանական աստղի բացման կապակցությամբ Լոս Անջելես մեկնելուց առաջ հանդիպել է Ֆրանսիայի նախկին նախագահ Ֆրանսուա Օլանդին:

Այս  մասին տեղեկանում ենք ֆրանսահայ հայտնի հասարակական գործիչ Ռիշար Ֆինդիկյանի ֆեյսբուքյան էջից:


Ֆինդիկյանը նաև հայտնել է, որ Ազնավուրի անվանական աստղի բացման հանդիսավոր արարողությանը ներկա են լինելու հոլիվուդյան դերասան Ռոբերտ դե Նիրոն, ինչպես նաև հայազգի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը:

Ինչպես ավելի վաղ նշել էր Tert.am-ը, Ազնավուրի անվանական աստղը Հոլիվուդի Փառքի ծառուղում կբացվի օգոստոսի 24-ին՝ տեղի ժամանակով 11:00-ին:

Հոլիվուդի առևտրի պալատը տեղեկացրել է, որ լեգենդար շանսոնյեի աստղը 2618-րդն է լինելու Փառքի ծառուղում: Նրան նվիրված աստղը կբացվի «Կենդանի կատարում» անվանակարգում:

«Շառլ Ազբավուրն ամբողջ աշխարհում մեծ ճանաչում ունեցող կատարող է», - ասել է Փառքի ծառուղու միջոցառումների պրոդյուսեր Անա Մարտինեսը:


Շառլ Ազնավուրը միջազգային ասպարեզում ռեկորդային 180 մլն ձայնասկավառակ է վաճառել: 70 տարվա կարիերայի ընթացքում նա 1400 երգ է ձայնագրել, որոնցից 1300-ի հեղինակը ևս ինքն է: Շանսոնյեն 390 ալբոմ է թողարկել բազմաթիվ լեզուներով՝  ֆրանսերեն, հայերեն, անգլերեն, ռուսերեն, գերմաներեն, իտալերեն, իսպաներեն:

 

Фото Richard Findykian.

Фото Richard Findykian.

Ազնավուրը Լոս Անջելես մեկնելուց առաջ հանդիպել է Օլանդին