Փակվել է ռուսական Առաջին ալիքով հեռարձակվող «Միայնակ բոլորի հետ» հաղորդումը
Ռուսական Առաջին ալիքը հեռուստահաղորդավարուհի, դերասանուհի Յուլյա Մենշովայի խնդրանքով փակում է «Միայնակ բոլորի հետ» շոուն, հայտնում է kp.ru-ն՝ մանրամասնելով, որ Մենշովան կվարի միանգամից 2 նոր հեռուստանախագիծ:
Հեռուստահաղորդավարուհին ավելորդ ինտրիգներից ու բամբասանքներից խուսափելու համար պատմել է, որ Առաջին ալիքի ղեկավարությունը կապ չունի հաղորդումը փակելու հետ և որ դա իր աձնական որոշումն էր:
«Եթերում եղած 4 տարվա ընթացքում մենք նկարահանել ենք 600 հաղորդում: Դա բարդ, բայց անսահման հետաքրքիր աշխատանք էր: Չէի ուզենա, որ այս հաղորդումը սովորական դառնար ու որակը կորցներ: Ուստի՝ մենք ղեկավարության հետ որոշեցինք փակել ծրագիրը: Հասկացեք, երկրում ուղղակի այլևս չկան այնպիսի հայտնիներ, որոնց մենք կարող էինք հյուրընկալել «Միայնակ բոլորի հետ» հաղորդմանը»,-Instagram-ի իր էջում գրել է Մենշովան:
Նա նաև հավելել է, որ ցանկություն չունի նույն մարդկանցից 2-րդ անգամ հարցազրույց վերցնել:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Առաջին ալիքից հեռացել են այնպիսի հայտնի հաղորդավարներ, ինչպիսիք են Անդրեյ Մալախովը, Ալեքսանդր Օլեշկոն ու Տիմուր Կիզյակովը:










