Ստամբուլում տեղի է ունեցել համշենական «ԷնՏու» խմբի համերգը

13:31 • 18.08.17

Ստամբուլի հայտնի ակումբներից մեկում տեղի է ունեցել համշենական «ԷնՏու» խմբի համերգը, այս մասին հայտնում է թուրքական seninritmin.com կայքը:

Համերգի ժամանակ հնչել են խմբի «46 րոպեանոց հարգանքի տուրք մի ծառի համար» ալբոմի երգերը:

2006թ.-ին «ԷնՏու տղաքեր» (Համշենի բարբառով նշանակում է «Այն կողմի տղաները» - tert.am) անունով իրենց երաժշտական ճանապարհը սկսած համշենցի երաժիշտները ներկայացնում են հիմնականում Համշենի հայկական բարբառով ժողովրդական և հեղինակային, ինչպես նաև թուրքերեն երգեր:

«ԷնՏու»-ի երգացանկից առավել մեծ ժողովրդականություն են վայելում Համշենի հայկական բարբառով ձայնագրված «Օրթի» (Որդի - tert.am) և «Հա բա» երգերը:

Պատմական Համշենը գտնվում է ժամանակակից Թուրքիայի հյուսիս-արևելքում: Համամ Ամատունի իշխանի հիմնած Համամաշեն քաղաքը քարտեզի վրա կարելի է գտնել Հեմշին թուրքերեն անվամբ, դրանից մի փոքր արևելք գտնվում է թրքախոս համշենցիների ևս մի բնակավայր` Չամլըհեմշինը (թարգմանվում է որպես եղևնոտ Համշեն: «Չամ» Համշենի բարբառով նշանակում է եղևնի - tert.am): Իսկ կրոնական և ազգային հալածանքների հետևանքով բուն Համշենից դեպի Խոպա, Օրդու, Գիրեսուն և Սամսուն արտագաղթած համշենցիների բազմաթիվ գերդաստաններ հայերենը պահպանեցին ընդհուպ մինչև 20-րդ դարի 80-ականների վերջ: Խոպայի մի շարք գյուղերում համշենցիները սահուն հայերեն են խոսում մինչ օրս:

Ստամբուլում տեղի է ունեցել համշենական «ԷնՏու» խմբի համերգը