Ցեղասպանության մասին «Ժխտման ճարտարապետները» ֆիլմի գովազդային պաստառները կփակցվեն Գլենդեյլի ամենահայտնի առևտրի կենտրոններից մեկում
ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի փոխանցմամբ՝ Գլենդեյլի քաղաքային իշխանությունները նամակ են ստացել Caruso Affiliated ընկերության օպերացիոն հարցերով գործադիր փոխնախագահ Ջեքի Լևիից, որում ընկերությունը դատապարտել է Հայոց ցեղասպանությունն ու համաձայնել քաղաքի ամենահայտնի Americana at Brand առևտրի կենտրոնում փակցնել Ցեղասպանության մասին «Ժխտման ճարտարապետները» ֆիլմի գովազդային պաստառները:
Ինչպես նշում է Asbarez-ը, նամակում նաև ասվում է, որ ընկերության ներկայացուցիչները կհամագործակցեն ֆիլմի պրոդյուսերների հետ:
«Մենք միշտ էլ դատապարտել ենք աշխարհի տարբեր անկյուններում տեղի ունեցող բռնություններն ու վայրագությունները, որոնց թվում է նաև Հայոց ցեղասպանությունը»,-նշվում է անշարժ գույքի վարձակալությամբ զբաղվող ընկերության նամակում:
Հայտնի է նաև, որ ֆիլմի գովազդային պաստառների փակցման համար Caruso Affiliated-ը պրոդյուսերներից գումար չի վերցնի:
«Մենք չափազանց հարգում ենք այս քաղաքի հայ համայնքի ներկայացուցիչներին ու գնահատում նրանց արժեքները»,-եզրափակել է նամակի հեղինակ Լևին:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր Tert.am-ը, «Ժխտման ճարտարապետները» փաստավավերագրական ֆիլմը ներկայացնում է պատմաբանների կարծիքներն ու Ցեղասպանությունից հետո ողջ մնացածների պատմությունները: Փորձագետները ցուցադրում են ժխտողականության և դրա հետևանքների կապը:
Ֆիլմի պրեմիերան նախատեսված է 2017-ի հոկտեմբերի 6-ին:










