Կարեն Շահնազարովի նոր ֆիլմը կբացի Մոնրեալի միջազգային կինոփառատոնը
Ռուսաստանաբնակ կինոռեժիսոր Կարեն Շահնազարովի «Աննա Կարենինա. Վրոնսկու պատմությունը» ֆիլմը կբացի օգոստոսի 24-ին Մոնրեալում մեկնարկող միջազգային կինոփառատոնը:
Ինչպես հաղորդում է ria.ru-ն, բացի այդ, ֆիլմը ներառված է հեղինակավոր փառատոնի մրցութային ծրագրում: Ընդհանուր առմամբ, ծրագրի շրջանակում կցուցադրվի մոտ 400 լիամետրաժ, կարճամետրաժ ու վավերագրական ֆիլմ՝ աշխարհի 80 երկրից:
Կինոփառատոնը կտևի մինչև սեպտեմբերի 4-ը:
Աղբյուրը նկատում է, որ սա առաջին դեպքը չէ, երբ Շահնազարովի ֆիլմը ներկայացվում է Մոնրեալի կինոփառատոնում: Տարբեր տարիների այստեղ ներկայացվել է հայազգի կինոռեժիսորի 4 աշխատանք:
Ինչ վերաբերում է այս տարվա ֆիլմին, ապա դրանում զարգանում է 2 զուգահեռ սյուժե՝ Ալեքսեյ Վրոնսկու ու Աննա Կարենինայի հանդիպումը, ինչպես նաև 30 տարի անց ծերացած Վրոնսկու և արդեն հասուն Սերգեյ Կարենինի հանդիպումը ռուս-ճապոնական պատերազմի դաշտում: Ֆիլմի գլխավոր դերակատարներն են Ելիզավետա Բոյարսակայան ու Մաքսիմ Մատվեևը:











