Բարսելոնայում ահաբեկչությունից հետո Իտալիայի տեսարժան վայրերի մոտ ցանկապատեր են տեղադրել

13:18 • 22.08.17

Իտալիայի իշխանությունները Բարսելոնայում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո բետոնե ցանկապատեր են տեղադրել Հռոմում, Միլանում, Բոլոնիայում, Թուրինում և այլ քաղաքներում զբոսաշրջային գլխավոր օբյեկտների մոտ: Այդ մասին հայտնում է The Independent-ը:


Մասնավորապես, Միլանում ցանկապատեր են հայտնվել Միլանի տաճար տանող փողոցներում: Բոլոնիայում ցանկապատեր են տեղադրել Սան Պետրոնիո բազիլիկայի մոտ տանող ճանապարհին:


Նման ցանկապատեր են հայտնվել նաև Պալերմոյում, Հռոմում պատրաստվում են ցանկապատեր տեղադրել Վիա դել Կորսո փողոցի և Վիա դեի Ֆորի Իմպերիալի փողոցի մուտքի մոտ: Բացի այդ, Ճենովա և Նեապոլ քաղաքներում ուժեղացվել է ոստիկանական պարեկային ծառայությունը:


Ինչպես ավելի վաղ հայտնել էր Tert.am-ը, Բարսելոնայի ամենահայտնի զբոսաշրջային վայրերից մեկում՝ Լաս Ռամբլաս փողոցում, օգոստոսի 17-ին ֆուրգոնը մխրճվել էր հետիոտների ամբոխի մեջ: Ահաբեկչության պահին հազարավոր մարդիկ զբոսնել են ծառաշատ մայթերով փողոցով, երբ վարձակալված ֆուրգոնը մխրճվել է ամբոխի մեջ: Խուճապահար զբոսաշրջիկները շտապել են պատսպարվել հուշանվերներ վաճառող մոտակա խանութներում, ռեստորաններում ու եկեղեցիներում, մյուսներն էլ չկողմնորոշվելով՝ պարզապես վազել են փողոցով:  


Բարսելոնայի կենտրոնում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո տեղի է ունեցել նաև երկրորդ ահաբեկչական հարձակումը 120 կիլոմետր հեռավորությամբ գտնվող Կամբրիլս քաղաքում: Մեքենան վրաերթի է ենթարկել մարդկանց, ոստիկանները սպանել են հինգ հարձակվողներին, որոնցից մի քանիսը կեղծ պայթուցիկ գոտիներ են կրել:


Բացի այդ, նույն օրը՝ օգոստոսի 17-ին, կատալոնական Ալկանար քաղաքում պայթյուն է որոտացել, որի հետևանքով մեկ մարդ է զոհվել և առնվազն մեկ մարդ վիրավորվել: Ոստիկանությունը ենթադրում է, որ տարածքում պայթուցիկներ էին պատրաստվում:

Վերջին տվյալներով՝ ահաբեկչությունները 15 մարդու կյանք են խլել և վնասվածքներ են հասցրել 100-ից ավելի մարդու:

Բարսելոնայում ահաբեկչությունից հետո Իտալիայի տեսարժան վայրերի մոտ ցանկապատեր են տեղադրել