Արքայազներ Ուիլյամը և Հարին իրականացրել են մանկական երազանքը՝ «նկարահանվելով» նոր «Աստղային պատերազմներում» (լուսանկարներ)

16:18 • 22.08.17

Արքայազներ Ուիլյամի և Հարիի մանկական երազանքն իրականացել է. նրանք նկարահանվել են «Աստղային պատերազմներ» սագայի նոր մասում՝ կատարելով Ուժի մութ կողմից պայքարող կայսերական հարձակվողների, այլ ոչ ջեդայ ասպետների դերը, գրում է Tatler.ru-ն։

Դեռևս 2016 թվականի ապրիլին ասվում էր, որ արքայազները կհայտնվեն «Աստղային պատերազմներ. Վերջին Ջեդայները» ֆիլմում: Այն ժամանակ Ուիլյամը և Հարին այցելել են ֆիլմի նկարահանման հրապարակ, և նրանց լուսանկարները տարածվել են համացանցում: Նախագծի ղեկավարությունը հրաժարվել է մեկնաբանել թագավորական ընտանիքի անդամների մասնակցությունը ֆիլմում:

Բրիտանացի դերասան Ջոն Բոյեգան, որը ֆիլմում կատարել է հարձակվող Ֆլինի դերը, մանրամասներ է բացահայտել ֆիլմում արքայազների մասնակցության վերաբերյալ:

«Հոգնել եմ այս գաղտնիքներից, միևնույն է՝ շուտով բոլորը կիմանան դրանց մասին: Այո, նրանք ներկա են եղել նկարահանումներին: Հոգնել եմ նրանից, որ երբ ինձ հարց են տալիս նրանց մասնակցության մասին, ստիպված եմ լինում խուսափել պատասխանից», - ասել է դերասանը:

Նրա խոսքով՝ չնայած արքայազները փորձել են դերը, փաստ չէ, որ մենք կտեսնենք նրանց էկրաններին:

«Ամենայն հավանականությամբ, այդ դրվագը դուրս կմնա ֆիլմից», - եզրափակել է Բոյեգան:

Tatler.ru-ն գրում է, որ «Աստղային պատերազմների» նոր մասում կհայտնվի ևս մի հայտնի բրիտանացի՝ դերասան Թոմ Հարդին: Ջոն Բոյեգան հաստատել է, որ վերջինս մասնակցել է ֆիլմի նկարահանումներին: Ենթադրվում է, որ Հարդին կկատարի հարձակվողի՝ Ջոնի կերպարի ընկերոջ դերը:

Հայտնի է, որ «Աստղային պատերազմներ. Վերջին Ջեդայներ» ֆիլմի պրեմիերան նախատեսված է 2017 թվականի դեկտեմբերին:

 

 

 

 

 

 

Արքայազներ Ուիլյամը և Հարին իրականացրել են մանկական երազանքը՝ «նկարահանվելով» նոր «Աստղային պատերազմներում» (լուսանկարներ)