Ռեժիսոր Կիրիլ Սերեբրեննիկովի նկատմամբ տնային կալանք է սահմանվել
Մոսկվայի Բասմանի դատարանը բավարարել է ռեժիսոր Կիրիլ Սերեբրեննիկովի նկատմամբ տնային կալանք սահմանելու մասին քննիչների միջնորդությունը: Այդ մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Սերեբրեննիկովը կալանքի տակ կմնա մինչև հոկտեմբերի 19-ը: Նրան արգելվում է օգտվել կապի բոլոր միջոցներից: Ռեժիսորը կկրի էլեկտրոնային թևնոց, որի միջոցով կվերահսկվի նրա տեղաշարժը: Նշվում է, որ դատարանը թույլ է տվել մեղադրյալին այցելել թատրոն՝ քննիչի թույլտվությամբ:
Հիմնավորելով այդ որոշումը՝ Քննչական կոմիտեի ներկայացուցիչները հայտարարել են, որ Սերեբրեննիկովը կարող է թաքնվել դատարանից Ռուսաստանի սահմաններից դուրս: Մեղադրական կողմը նշել է, որ «Գոգոլ-կենտրոն»-ի գեղարվեստական ղեկավարը փորձել է ոչնչացնել խարդախության ապացույցները:
Սերեբրեննիկովը ձերբակալվել է օգոստոսի 22-ին Սանկտ Պետերբուրգում, որտեղ ֆիլմ էր նկարահանում «Կինո» խմբի առաջատար Վիկտոր Ցոյի մասին: Նրան մեղադրում են պետական բյուջեից «Պլատֆորմա» նախագծի համար հատկացված 68 միլիոն ռուբլի հափշտակելու համար:










