Ջորջ Մարտինը մեկնաբանել է լուրերը, թե նա չի դիտում «Գահերի խաղը»
Ամերիկացի գրող Ջորջ Մարտինը մեկնաբանել է խոսակցությունները, որոնց համաձայն ինքը չի դիտում «Գահերի խաղը» հեռուստասերիալը, որը նկարահանվել է իր «Սառույցի և կրակի երգ» վիպաշարի հիման վրա:
Entertainment Weekly-ի հաղորդմամբ՝ Մարտինի վերջին մի քանի հարցազրույցների հիման վրա որոշ լրատվամիջոցներ ենթադրել են, թե գրողը չի դիտում «Գահերի խաղը»:
Մարտինը մեկնաբանել է այս ենթադրությունները և հայտնել, որ ինքը չի հիշում, որ նման բան է ասել: Նա ենթադրել է, որ սա իր հարցազրույցի սխալ մեկնաբանության հետևանքն է:
«Համենայն դեպս, ես դիտում եմ հեռուստասերիալը», - ասել է գրողը:
Ավելի վաղ Metro-ն հարցազրույց է վերցրել Ջորջ Մարտինից և հայտնել, որ գրողը չի դիտում «Գահերի խաղը» հեռուստասերիալը:
«Վիպաշարը և հեռուստաադապտացիան տարբերվում են իրարից: Էկրանի վրա կերպարներն աջուձախ սպանվում են: Նրանցից մոտ քսանն արդեն մահացել է, սակայն նրանք դեռ ողջ են ինձ համար և կհայտնվեն նոր գրքում», - հարցազրույցի ժամանակ ասել է Մարտինը:
Entertainment Weekly-ն ենթադրում է, որ լրատվամիջոցները, այդ թվում՝ Metro-ն, սխալ են մեկնաբանել հեղինակի խոսքը և իրականությանը չհամապատասխանող տեղեկություն տարածել:
![]()










