«Ֆրանսիայի Ֆրենկ Սինատրա». միջազգային մամուլն անդրադարձել է Հոլիվուդի Փառքի ծառուղում Ազնավուրի աստղի բացմանը (տեսանյութ)

12:46 • 25.08.17

Ֆրանսիայի երաժշտության լեգենդ Շառլ Ազնավուրը` 20-րդ դարի ամենաբեղուն արվեստագետներից մեկը, ով շարունակում է գրել և համերգներով հանդես գալ 93 տարեկան հասակում, հինգշաբթի Հոլիվուդի Փառքի ծառուղում արժանացել է անվանական աստղի, գրում է France 24-ը:


Լրատվամիջոցը նշում է, որ ութ տասնամյակ տևող կարիերայի ընթացքում Ազնավուրը ձայնագրել է 1400 երգ, որից 1300-ը գրել է անձամբ, և տարբեր լեզուներով ավելի քան 390 ալբոմ թողարկել:


Լրատվամիջոցը նշում է, որ աստղն, ուշադրություն չդարձնելով բոլոր չկամեցողներին, որոնք մատնանշում էին նրա անսովոր արտաքինը, այսօր Ֆրանսիայի ամենահայտնի երգիչներից է, «երկրի Ֆրենկ Սինատրան»:


«Սինատրան մեկ անգամ ասել է, որ յուրաքանչյուր երգ մեկ գործողությամբ և մեկ դերասանով բեմադրություն է, իսկ Շառլն արտասովոր դերասան է և արտասովոր երգիչ»,- աստղի բացման արարողությանն ասել է Ազնավուրի ընկեր ռեժիսոր Պիտեր Բոգդանովիչը:


Ազնավուրը կարճ շնորհակալություն է հայտնել հավաքվածներին՝ նշելով, որ հազվադեպ է հրապարակայնորեն անգլերեն խոսում:


«Ֆրանսերենն իմ աշխատանքային լեզուն է, բայց իմ «ընտանեկան» լեզուն միշտ հայերենն է»,- ասել է նա երկու երկրներից իր հարյուրավոր երկրպագուների, ինչպես նաև ամբողջ աշխարհից իրեն ողջունելու եկածների առաջ՝ պատմական Pantages թատրոնի առջև:


Լրատվամիջոցը պատմել է Ազնավուրի կյանքի մասին՝ նշելով, որ Շահնուր Վաղինակ Ազնավուրյանը ծնվել է Փարիզում հայ ներգաղթյալների ընտանիքում: Ազնավուրի ծնողները փախել են Օսմանյան կայսրությունից՝ իրենց հայրենակիցների նկատմամբ իրականացվող կոտորածներից փրկվելու համար: Լրատվամիջոցը պատմել է նաև նրա և Էդիտ Պիաֆի հարաբերությունների և իր արտաքին տեսքի մասին սկզբնական շրջանում մշտապես հնչող քննադատությունների մասին:


Variety
-ն նույնպես անդրադառնալով Փառքի ծառուղում շանսոնյեի անվանական աստղի բացմանը՝ ներկայացրել է Ազնավուրի հետ համագործակցած տարբեր անձանց խոսքերը երգչի մասին՝ գրելով, որ Ազնավուրը վաստակել է իր հետ ութ տասնամյակ տևած կարիերայի ընթացքում աշխատած մարդկանց հարգանքը:


Le Figaro
-ն, անդրադառնալով իրադարձությանը, գրել է, որ La Bohème-ի երգիչը դարձավ 20 ֆրանսիացիներից մեկը, ով իր աստղն ունի Փառքի ծառուղում: 180 միլիոն ձայնասկավառակ վաճառած և Ֆրենկ Սինատրայի, Էդի Միտչելի ու Էլթոն Ջոնի հետ բացառիկ դուետների մասնակից Շառլ Ազնավուրը ֆրանսիական երգի լեգենդ է: Լրատվամիջոցն այդ առիթով վերհիշել է 20 ֆրանսիացի երաժիշտներին, երգիչներին, դերասաններին, որոնք իրենց աստղն ունեն Հոլիվուդում:


ladepeche.fr
-ն, անդրադառնալով իրադարձությանը, գրել է, որ լեգենդար երգիչը վերջապես ստացավ իր աստղը հեղինակավոր Փառքի ծառուղում:


«Ես ֆրանսիացի եմ և հայ, երկուսն անբաժան են, ինչպես սուրճն ու կաթը, դա հիասքանչ է՝ երկու մշակույթի պատկանել»,- ասել է Ազնավուրն անգլերենով՝ «բրավո» և «կեցցե Ֆրանսիա» բացականչությունների ներքո:


Ազնավուրը հավելել է, որ աստղ ստանալուց հետո նա կարող է ասել նաև, որ արդեն փոքր-ինչ նաև կալիֆորնիացի է, քանի որ այդտեղ են նաև իր դուստրն ու թոռները, գրում է կայքը:

 

 

«Ֆրանսիայի Ֆրենկ Սինատրա». միջազգային մամուլն անդրադարձել է Հոլիվուդի Փառքի ծառուղում Ազնավուրի աստղի բացմանը (տեսանյութ)