Ամրոցներ, ծառուղիներ և պարտեզներ. վայրեր, որտեղ նկարահանվել է «Գահերի խաղը» (լուսանկարներ)
Օգոստոսի 21-ին պաշտոնապես թողարկվել է «Գահերի խաղը» հեռուստասերիալի յոթերորդ եթերաշրջանի նախավերջին՝ վեցերորդ սերիան:
Big Picture-ը վիրտուալ զբոսանք է առաջարկում վայրերով, որտեղ նկարահանվել է ամերիկացի գրող Ջորջ Մարտինի «Սառույցի և կրակի երգ» վիպաշարի վրա հիմնված սիրված հեռուստասերիալը:
Վինտերֆել (Ուորդ ամրոց)
Սերիալի գլխավոր տեղանքներից մեկը Հյուսիսային Իռլանդիայի Դաուն կոմսության Սթրենգֆորդ գյուղի մոտակայքում գտնվող Ուորդ ամրոցն է, որը զբաղեցնում է 400 հեկտար տարածք: 1570 թվականից ամրոցն Ուորդների ընտանիքի սեփականությունն է եղել, իսկ 18-րդ դարից այն պատկանում է Մեծ Բրիտանիայի Ազգային հիմնադրամին:
Հայտնի է, որ սերիալում ամրոցի բակը վերածվել է Վինտերֆելի՝ Ստարկերի ընտանիքի ամրոցի, որտեղ անցկացվել են առաջին եթերաշրջանի հիմնական մասի նկարահանումները:
Զբոսաշրջիկներին առաջարկվում են «Վինտերֆել շրջագայություններ». նրանք կարող են այցելել ամրոցային համալիրի 20 կետ՝ տեսնելով սերիալի ամենակարևոր վայրերը:


Թագավորական երթուղի (Մութ ծառուղի)
Հյուսիսային Իռլանդիայի Բալիմոնի քաղաքում է գտնվում Մութ ծառուղին. սա հաճարենիներից կազմված բնական թունել է, որը Ստյուարթների ընտանիքը տնկել է 18-րդ դարում դեպի իրենց կալվածք տանող ճանապարհին:
Ուշադիր հանդիսատեսը լուսանկարում կճանաչի Թագավորական երթուղու հյուսիսային հատվածը. հեռուստասերիալի երկրորդ եթերաշրջանի առաջին դրվագում, երբ Արյա Ստարկը տղայի կերպարանքով փախուստի է դիմում Վինտերֆելից, նա պատի մոտ է գնում հենց այս ճանապարհով:

Թագավորական նավահանգիստ (Ստրադուն փողոց, Դուբրովնիկ, Խորվաթիա)
Դուբրովնիկում նկարահանվել է Սերսեյ Լանիսթերի հանրահայտ «ամոթի զբոսանքը». հերոսուհին քայլել է քաղաքի պատմական հատվածով՝ Ստրադուն փողոցով: 300 մետր երկարությամբ հետիոտնային փողոցն անցնում է ամբողջ քաղաքով՝ արևմտյան մուտքից մինչև արևելյան մուտք:

Արևային նիզակ և Ջրային պարտեզներ (Սևիլյայի Ալկասար, Իսպանիա)
Մարտելների տունը գտնվում է Սևիլյայի Ալկասարում՝ մավրիտանական ոճով կառուցված ճարտարապետական եզակի նմուշում, որը նախագծել են մահմեդական թագավոր մավրերը: Ամրոցը սկսել են կառուցել 12-րդ դարում, և այժմ այն հնագույն եվրոպական պալատն է, որ դեռևս օգտագործվում է: Ամրոցը ներառված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցուցակում:
«Գահերի խաղի» հինգերորդ եթերաշրջանում Միրցելա Բարատեոնը և նրա փեսացու Տրիստան Մարտելը զբոսնում են ամրոցի պարտեզում:

Դրանից բացի, սերիալի նկարահանող խումբը եղել է Իտալիայի կղզիներում և հին հռոմեական ամֆիթատրոններում, Մալթայում և Մարոկկոյի անապատներում: Յոթերորդ եթերաշրջանը նկարահանվել է հիմնականում Իսպանիայում՝ Ալմոդովար դել Ռիոյի ամրոցում, Բարիկա լողափում, ինչպես նաև՝ Կասերես և Սևիլյա քաղաքներում:










