Եթե ծով չեմ տեսնում, չեմ ապրում. հունական Փարոս կղզու ձկնորսները՝ ավստրիացի լուսանկարչի ֆոտոշարքում (լուսանկարներ)
Ավստրիացի լուսանկարիչ Քրիստիան Շտեմպերը ֆոտոշարք է հեղինակել՝ պատմելով հունական Փարոս կղզում բնակվող ձկնորսների մասին: Այս մարդիկ ծով են գնում իրենց կանանց և դստրերի պատվին կոչված նավակներով՝ այսպիսով վաստակելով իրենց ապրուստը:
Big Picture-ը գրում է, որ Շտեմպերը սկսել է լուսանկարել Փարոսի ձկնորսներին դեռ 2010 թվականին, երբ առաջին անգամ այստեղ է եկել հանգստանալու նպատակով:
Շտեմպերի խոսքով՝ ինքը ձկնորսների սև ու սպիտակ լուսանկարները միավորել է նրանց սովորական փայտե նավակների գունավոր լուսանկարների հետ՝ յուրաքանչյուր համադրության միջոցով ներկայացնելով մի առանձին պատմություն:
«Եթե ծով չեմ տեսնում, չեմ ապրում: Եթե ստիպված լինեի մնալ Աթենքում, նույնիսկ մեկ օր չէի դիմանա: Ուղղակի կխելագարվեի», - պատմել է ձկնորս Վագելիս Պարոուսիսը՝ Շտեմպերի ֆոտոշարքի հերոսներից մեկը:
«Սա մարդկանց հատուկ տեսակ է: Նրանց համար կյանքը պարզ է. դա նավակն ու ծովն են», - պատմել է լուսանկարիչը, որը հինգ տարի արձանագրել է տեղացի ձկնորսների կյանքը:
Շտեմպերը խոստովանել է, որ սկզբում ձկնորսները չեն ցանկացել մասնակցել նախագծին, սակայն ժամանակի ընթացքում ինքը համոզել է նրանց՝ չնայած ոմանք տեղի ունեցածին վերաբերվել են ավելի քան անտարբեր:
«Նախագծի վրա աշխատելուց հետո՝ 2012 թվականին, ցուցահանդես անցկացրի Փարոսում: Այն ժամանակ հրավիրեցի իմ բոլոր «մոդելներին»՝ խոստանալով նվիրել հատուկ նրանց համար տպագրված դիմանկարները: Սակայն ցուցահանդես այցելեց միայն մեկ ձկնորս: Եկել էին նրանց ընտանիքների անդամները: Ձկնորսներին հետաքրքիր չէ այս ամենը. նրանց համար կյանքը ծովն ու նավակն են: Եվ այս մարդիկ երջանիկ են», - պատմել է լուսանկարիչը:





















