Պատմական Խարբերդում հնագետները հայտնաբերել են հողի տակ մնացած 450 տարվա թաղամաս (լուսանկարներ)
Ներկայի Թուրքիայի տարածքում գտնվող Էլյազըղ (պատմական Խարբերդ - tert.am) նահանգում հնագետները հայտնաբերել են ստորգետնյա մի ամբողջ թաղամաս, որը դարեր շարունակ մնացել է հողի տակ, այս մասին գրում է թուրքական arkeolojikhaber.com կայքը:
Նշվում է, որ թաղամասն ունի մոտ 450 տարվա պատմություն: Թուրք հնագետները պատրաստվում են այն գրանցել UNESCO-ի մշակութային ժառանգության ցանկում:
Նշենք, որ մինչ ցեղասպանությունը Խարբերդն ունեցել է մոտ 50 հայկական գյուղ, որոնք բավականին բազմամարդ էին և ունեին միջինը 1000 բնակիչ:
Խարբերդի գլխավոր տեսարժան վայր համարվում է հին բերդը: Այն ժամանակին կառուցվել է հայերի կողմից և հենց այստեղից էլ ծագել է գավառի անունը՝ Խար-բերդ:
Գավառի կենտրոնը՝ Էլյազըղ քաղաքը, որի անունով այսօր կոչվում է նաև ամբողջ գավառը, կառուցվել է ավելի ուշ:
Ներկայում քաղաքը բաժանվում է երկու մասի՝ հին ու նոր:
Հին քաղաքը, որի մեջ մտնում է նաև պատմական բերդը, կոչվում է Հարփութ: Դա շրջանի քրդական անունն է, որը, ինչպես երևում է, Խարբերդ անվան աղավաղված տարբերակն է: Իսկ հին հայկական անունն այսօր ամբողջովին դուրս է մղված և չի հիշատակվում առհասարակ:













