«Գահերի խաղի» Բրան Ստարկի դերակատարը մեկնաբանել է Գիշերվա Թագավորի մասին վարկածը

14:47 • 31.08.17

Բրիտանացի դերասան Այզեք Հեմփսթեդ-Ռայթը, որը «Գահերի խաղը» հեռուստասերիալում խաղացել է Բրան Ստարկի դերը, մեկնաբանել է սագայի գլխավոր անտագոնիստի՝ Գիշերվա Թագավորի ծագման մասին երկրպագուների վարկածը: Թեմային անդրադարձել է Vulture-ը:

Հայտնի է, որ սերիալի երկրպագուները ենթադրել են, թե Բրանը և Գիշերվա Թագավորը նույն կերպարն են, ինչի հիմքը երկուսի արտաքին նմանությունն է:

«Կարծում եմ՝ նրանք ոչ այնքան նույն կերպարն են, որքան Վեստերոսի երկու հնագույն արարած: Ինչպես տեսանք՝ նրանց ստեղծել են Անտառի երեխաները, այսպիսով՝ նրանք չեն կարող ավելի հին լինել», - պարզաբանել է Հեմփսթեդ-Ռայթը:

Դերասանի խոսքով՝ սերիալի գլխավոր չարագործը նման է հրեշ Ֆրանկենշտեյնին, իսկ Բրանն օգտագործում է իր կախարդական ունակությունները հօգուտ բարության:

«Ուզում եմ իմանալ՝ ինչո՞ւ Գիշերվա Թագավորը մարդկությունը ոչնչացնելու այդքան ուժեղ ցանկություն ունի: Կտեսնենք՝ արդյո՞ք սա կբացատրվի հաջորդ եթերաշրջանում», - հավելել է նա:


Նշենք, որ ավարտվել է ամբողջ աշխարհում սիրված «Գահերի խաղը» հեռուստասերիալի յոթերորդ եթերաշրջանը, և կինոսագայի երկրպագուներն անհամբեր սպասում են վերջին՝ ութերորդ եթերաշրջանին:


Հեռուստասերիալը ցուցադրող HBO ալիքը հրապարակել է վերջին եթերաշրջանի նկարահանումները ցուցադրող տեսահոլովակ, որը բացահայտում է ոչ միայն «Գահերի խաղի» սյուժեն ու կերպարները, այլ նաև նկարահանման աշխատանքներին մասնակցողների ջանքերը:

«Գահերի խաղի» Բրան Ստարկի դերակատարը մեկնաբանել է Գիշերվա Թագավորի մասին վարկածը