Ակտիվիստներն առաջարկել են Տալլինում տեղադրել Սերգեյ Դովլաթովի հուշարձանը
Ակտիվիստներն առաջարկել են Էստոնիայի մայրաքաղաք Տալլինում տեղադրել գրող Սերգեյ Դովլաթովի հուշարձանը: Հայտնի է, որ նա մի քանի տարի ապրել է Տալլինում: Նախաձեռնության մասին հայտնում է Interfax-ը:
Գրող Անդրեյ Խվոստովը հիշեցրել է, որ այսօր Դովլաթովը 76 տարեկան կդառնար:
«Անցած տարի բացվել է Դովլաթովի հուշարձանը Սանկտ Պետերբուրգում: 2014 թվականին Նյու Յորքի փողոցներից մեկն անվանվել է նրա պատվին: Տալլինում նրա տան պատին հուշատախտակ կա, իսկ այս տարի արդեն հինգերորդ անգամ անցկացվել են նրա օրերը: Սակայն հուշարձանը, որի մասին պարբերաբար խոսվում է, մինչ այժմ չկա», - ասել է նա:
Նախաձեռնության հեղինակն ընդգծել է, որ հենց Էստոնիան, որտեղ Դովլաթովը բնակվել է 1972-1975 թվականներին, դարձրել է նրան գրող:
Նշվում է, որ Խվոստովի առաջարկությանն աջակցել են Սոցիալ-դեմոկրատական կուսակցության անդամ այլ գրողներ: Մոտակա նիստի ժամանակ նրանք քաղաքային խորհրդին կփոխանցեն պաշտոնական դիմումը:










