Մեքսիկայում հանդիսատեսը տպավորված էր հայ արտիստներով 

19:28 • 05.09.17

Սեպտմեբերի 2-ին Մեխիկոյում կայացավ դասական համերգ` նվիրված Հայաստանի և Մեքսիկայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակին: Հայաստանը համերգին ներկայացրեցին ՀՀ վաստակավոր արտիստ, միջազգային մրցույթների դափնեկիր, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ֆակուլտետի դեկան Արմեն Բաբախանյանը և 12-ամյա տաղանդավոր դաշնակահարուհի Անի Աթայանը: 

Մեխիկոյում Արմեն Բաբախանյանը և Անի Աթայանը ելույթ ունեցան Մեքսիկայի ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ և տեղի հանդիսատեսին ներկայացրեցին բացառապես հայ կոմպոզիտորների ստեղծագործություններ` Արամ Խաչատրյան, Առնո Բաբաջանյան, Ալեքսանդր Հարությունյան: Համերգին ներկա էին բազմաթիվ հյուրեր, այդ թվում` դիվանագետներ, հասարակական և քաղաքական գործիչներ, արվեստագետներ: 

Մեքսիկական լրատվամիջոցներին տրված հարցազրույցում Անի Աթայանը նշել էր, որ մեծ հաճյուքով է այցելել Մեքսիկա` ավելի մոտիկից ծանոթանալու այս երկրի մշակույթին և  ելույթ ունենալու աշխարհի լավագույն նվագախմբերից մեկի հետ:  Արմեն Բաբախանյանի խոսքով,  և Հայաստանը, և Մեքսիկան մեծ մշակութային ժառանգություն ունեն և այն լայնորեն պետք է ներկայացվի հանրությանը: Նա բարձր էր գնահատել Մեքսիկայում Հայաստանի դեսպանատան աշխատանքն` ուղղված երկու երկների միջև մշակութային կապերի էլ ավելի զարգացմանն ու ամրապնդմանը: 

 

Մեքսիկայում հանդիսատեսը տպավորված էր հայ արտիստներով