ADAMI. Արևելյան Եվրոպայի ամենահեղինակավոր մեդիա մրցանակաբաշխությունը կանցկացվի Երևանում

14:22 • 05.09.17

Նոյեմբերի 4-5-ը Արևելյան Եվրոպայում մշակութային բազմազանության համար հանձնվող ADAMI մեդիա մրցանակը մշակութային բազմազանության, ինտեգրման և խաղաղ համակեցության թեմաներով աշխատող հեռուստալրագրողների, պրոդյուսերների և ռեժիսորների համար մշակութային գիտաժողով կանցկացնի Երևանում, իսկ մրցանակաբաշխությունը տեղի կունենա փետրվարին։

Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Ադամի» մրցանակաբաշխության ներկայացուցիչ Վախթանգ Կունցև-Գաբաշվիլին:

Նա հայտնեց, որ սա պարզապես մրցույթ չէ. «Գիտաժողովի նպատակը հանդիպումներն են և փորձի փոխանակումը, հետագա շփումների հեռանկարը, կապերի հաստատումն ու Եվրոպայի հեռարձակողների և ռեժիսորների հետ համագործակցությունը: ADAMI մեդիա մրցանակի նպատակն է Արևելյան գործընկերության երկրներում խրախուսել ռեժիսորներին, լրագրողներին և լրատվամիջոցների աուդիովիզուալ մասնագետներին, իսկ աշխատանքային լեզուն անգլերեն ու ռուսերենն է»:

Նա հայտնեց, որ դիմումի ընդունումն անվճար է, իսկ հայտեր ներկայացնելու ժամկետը մինչև սեպտեմբերի 20-ն է:

Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության փոխդեսպան Քլաուս Վենդելբերգերն էլ ասաց, որ Գերմանիան աջակցում է նման կարևորություն ունեցող ծրագրի. «ADAMI-ն ստանում է ֆինանսական աջակցություն Գերմանիայի արտաքին գործերի նախարարության կողմից: Աջակցություն է ստանում 6 երկիր, այդ թվում և Հայաստանը»:

Մամուլի դեպարտամենտի ղեկավար, ADAMI մրցանակաբաշխության հայաստանյան սիմպոզիումի խոսնակ Սաթիկ Սեյրանյանն էլ ասաց, որ ցավում է, որ Արևելյան Եվրոպայի ամենահեղինակավոր մեդիա մրցանակաբաշխության մասին տեղեկացվածության աստիճանը ցածր է:

«Սա կարևոր միջավայր է մեդիա ոլորտի մասնագետների համար: Աշխատանք է կատարվում հեղինակավոր անձանց հետ, գաղափարից մինչև մոնտաժ աշխատում են լավագույն մասնագետներ: Սա լայն հնարավորություն է բացում մեդիա դաշտի մասնագետների համար»,-ասաց Սեյրանյանը:

Նա տեղեկացրեց, որ ADAMI մեդիա մրցանակը ֆինանսական աջակցություն է ստանում ոչ միայն Գերմանիայի Արտաքին գործերի նախարարության և ProCredit հոլդինգի կողմից, այլ գործընկերների թվում են նաև Եվրոպայի Հեռարձակողների Միությունը (EBU), Deutsche Welle ակադեմիան, Արևելաեվրոպական հետազոտությունների գերմանական ընկերակցությունը (DGO). «ADAMI-ին աջակցում են այնպիսի մեդիա գործընկերներ, ինչպիսիք են ֆրանս-գերմանական մշակութային ARTE, գերմանական ZDF և MDR հեռուստաալիքները»։

««ADAMI-ի ծրագրին մասնակցելը լրագրողներին և մեդիա մասնագետներին լայն հնարավորություն կտա աշխատել պրոֆեսիոնալների հետ, օգտվել բոլոր կապերից ու ցանցային հնարավորություններից, ADAMI-ի մասնակցությունը լուրջ հայտ է»,-ասաց Սեյրանյանը:

Հեռուստալրագրող Արտակ Վարդանյանը, ով անցած տարի մրցանակակիր է եղել, ասաց, որ մրցանակաբաշխությանը մասնակցությունը կարևոր է լրագրողի համար նաև ինքնավստահության առումով. «Դու տեսում ես, թե ինչ գրագետ աշխատանք է տարվում, ինչ որակ է ապահովում, տեսնում ես, որ քո ռեպորտաժն է հաղթել, այդտեղ արդեն լրագրողն ինքնավստահություն է ձեռք բերում»:

Մրցույթի մասնակցության մանրամասներին կարելի է ծանոթանալ հետևյալ հղումով։ 



 

 

ADAMI. Արևելյան Եվրոպայի ամենահեղինակավոր մեդիա մրցանակաբաշխությունը կանցկացվի Երևանում