Ջորջ և Ամալ Քլունիներն իրենց տանն ապաստան են տվել ԻՊ-ից փախած եզդի երիտասարդին
Հոլիվուդյան դերասան Ջորջ Քլունին Hollywood Reporter ամսագրին տված հարցազրույցում պատմել է, որ ինքն ու կինը՝ միջազգային կարգի փաստաբան Ամալ Քլունին, իրենց տներից մեկում ապաստան են տվել Իրաքից եկած եզդի փախստանի:
Հայտնի է, որ տունը գտնվում է ԱՄՆ Կենտուկի նահանգի Ագուստա քաղաքում: Աղբյուրը մանրամասնում է, որ փախստականը երիտասարդ է, որն այժմ ուսանում է Չիկագոյի համալսարանում:
«Փախստականը գտնվում էր դեպի Մոսուլ ուղևորվող ավտոբուսում, երբ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման անդամները սպանել են վարորդին ու սպառնացել սպանել քոլեջ գնալ ցանկացող բոլոր ուսանողներին: Բարեբախտաբար, նա ողջ է մնացել ու կարողացել է հասնել Ամերիկա»,-պատմել է 56-ամյա Քլունին՝ մանրամասնելով, որ իրենք տղային կրկին սովորելու հնարավորություն են ընձեռել:
Միևնույն ժամանակ, դերասանը չի մանրամասնել փախստականի անունը, տարիքը, ինչպես նաև այն, թե որքան ժամանակ է նա բնակվում աստղային զույգի տանը:










