Ժամանակակից ճարտարապետության հրաշքները՝ ֆոտոշարքով (լուսանկարներ)
Մեր օրերում շինություններ են կառուցվում, որոնք հեշտությամբ կարող են ներառվել աշխարհի ժամանակակից հրաշալիքների շարքում:
AdMe.ru-ն պատմել է շինությունների մասին, որոնք աչքի են ընկնում անհավանական ճարտարապետությամբ՝ շարժելով դիտողի երևակայությունը:
Արվեստի և գիտության թանգարան Սինգապուրում
Այս թանգարանը Սինգապուրի այցեքարտն է: Շինության ձևը հիշեցնում է ողջունող ձեռքեր և միաժամանակ լոտոսի ծաղիկ: Թանգարանի ֆոնին երեք երկնաքեր կա, որոնք զարդարում է թռչող նավը: Սա աշխարհի ամենաթանկ հյուրանոցներից մեկն է՝ Marina Bay Sands-ը, որը նույնպես Սինգապուրի ճարտարապետական գլուխգործոցն է:

Լոտոսի տաճար Հնդկաստանի Բահապուր գյուղում
Հսկայական լոտոսի տեսքով այս վիթխարի շինությունը Բահայի միաստվածական կրոնի կարևորագույն տաճարն է, որի դռները բաց են բոլորի համար՝ անկախ կրոնական դավանանքից:
Տաճարի կենտրոնական սրահ կարելի է մուտք գործել 9 դռնով, ինչը խորհրդանշում է բոլոր կրոնների միավորումը:

Կունստհաուս, Գրաց, Ավստրիա
Ժամանակակից արվեստի այս պատկերասրահն անվանում են «Ընկերասեր այլմոլորակային»: Կունստհաուսը բիոմորֆ շինություն է, այսինքն՝ դրա ստեղծման ժամանակ ճարտարապետներին ոգեշնչել են կենսաբանական օբյեկտների ձևերը: Հատկանշական է, որ մթության մեջ «այլմոլորակայինը» լուսարձակում է:

Emporia առևտրի կենտրոն, Մալմյո, Շվեդիա
Emporia-ն Սկանդինավիայի խոշորագույն և աշխարհի ամենաարտասովոր առևտրի կենտրոններից է: Շենքն ասես բաժանված է մեջտեղում, և ստեղծվում է տպավորություն, թե առևտրի կենտրոնը փլուզվում է:
Շենքի ներսում նույնպես հետաքրքիր բաներ կան՝ գունավոր շարժասանդուղքներ, որպես նստարաններ ծառայող ճոճանակներ և կախովի այգիներ:

Խորանարդաձև տներ Ռոտերդամում, Նիդեռլանդներ
Ռոտերդամում արտասովոր 40 բնակելի տուն կա, որոնք տեսնելիս թվում է՝ աշխարհը շուռ է եկել: Ճարտարապետ Փիթ Բլոմի գաղափարի համաձայն՝ յուրաքանչյուր տուն շուռ է եկել 45 աստիճանով:

Արվեստի և գիտությունների քաղաք Վալենսիայում, Իսպանիա
Վալենսիայի պուրակներից մեկում ջրի վրա տեղակայված է ժամանակակից ճարտարապետության ևս մի ակնառու օրինակ: Ֆուտուրիստիկ տեսք ունեցող համալիրը բաղկացած է հինգ շինությունից՝ բեմից, կինոթատրոնից, պարտեզից, գիտական թանգարանից և օվկիանագրական պարկից:

Գուգենհայմի թանգարան, Բիլբաո, Իսպանիա
Սա դեկոնստրուկտիվիզմի ոճով կառուցված ամենատպավորիչ շինություններից մեկն է: Թանգարանում անցկացվում են ցուցահանդեսներ, կա նաև 20-րդ դարի մշակույթին նվիրված մշտական ցուցադրություն:











