Երևանում մեկնարկում է «ՍՏԱՆԴԱՐՏ» ժամանակակից արվեստի տրիենալեի երկրորդ փուլը

15:27 • 12.09.17

 

Այսօր մեկնարկում է «ՍՏԱՆԴԱՐՏ» ժամանակակից արվեստի տրիենալեի երկրորդ փուլը, որն անցկացվելու է Երևանում, Սևանում և Կապանում: Երևանում կենտրոնական երկաթուղային կայարանում բացվելու է շվեյցարացի արվեստագետ Ֆելիչե Վարինի «Վեցանկյուններ, շրջաններ և սեղաններ» ցուցահանդեսը, Սևանի գրողների միության հանգստյան տանը բացվելու է  «Դեժա-վու ՍՏԱՆԴԱՐՏ» ցուցադրությունը, Երևանի ժամանակակից արվեստի թանգարանի Կապանի մասնաճյուղում՝ Արման Գրիգորյանի «Միջոցներ և նպատակներ» ցուցադրությունը:

Նշենք, որ «ՍՏԱՆԴԱՐՏ» ժամանակակից արվեստի առաջին տրիենալեն կազմակերպում են Արվեստների հայկական խորհուրդը, ՀՀ մշակույթի նախարարությունը, «Արվեստ հանուն աշխարհի» կազմակերպությունը, «Հասրաթյան» հիմնադրամը, «Ինտելեկտուալ Ռենեսանս» հիմնադրամը: Երկրորդ փուլի գլխավոր գործընկերներն են նաև Հայաստանում Շվեյցարիայի դեսպանությունը, Գրողների միության հանգստյան տունը Սևանում և «Հայաստան արվեստ» հիմնադրամը:

«ՍՏԱՆԴԱՐՏ» ժամանակակից արվեստի տրիենալեի գլխավոր համադրող Ադելինա Ջուբերյան ֆոն Ֆյուրշթենբերգը ներկայացրեց, որ առաջին անգամ Հայաստանում  ցուցադրվեցին ժամանակակից արվեստի ոլորտում մեծ ճանաչում և հեղինակություն ունեցող  բրազիլահայ հայտնի մոդեռնիստ լուսանկարիչ Գասպար Գասպարյանի աշխատանքները: Նա նշեց, որ Հայաստան-Բրազիլիա փոխհարաբերությունները չեն սահմանափակվում միայն նրա գործերով, այլ Գյումրիում կազմակերպվել է նաև Ռուզաննա Փալազյանի աշխատանքների ցուցադրությունը, ով նույնպես բրազիլահայ է: «Տեսնում ենք, որ Հայաստան- Բրազիլիա հարաբերությունները ոչ միայն բիզնես մակարդակում են, այլ նաև արվեստի»,-ասաց նա և կոչ արեց բոլոր նրանց, ովքեր չեն մասնակցել առաջին փուլին, մասնակցեն երկրորդին:

Հայաստանում Շվեյցարիայի դեսպան Լուկաս Գասերը նշեց, որ շատ երջանիկ է, որ հնարավորություն ունի մասնակցելու այս նախաձեռնությանը և այսչափ լուսավորյալ անձանց մեջ գտնվելու, ովքեր նվիրված են արվեստին: ««Ստանդարտ» անունը կրող առաջին տրիենալեին մեր հիմնական ներդրումը Ֆելիչե Վարինի ցուցադրությանն օժանդակությամբ է, որը կազմակերպվել է Էրեբունու շրջանի երկաթուղային կայարանի շենքում»,- ասաց նա և ներկայացրեց, որ 2016 թվականի մայիսին Շվեյցարիայի դեսպանատունը հրավիրել է արվեստագետ Ֆելիչե Վարինիին, որպեսզի նա իր փաստագրական լուսանկարների ցուցադրությունը կազմակերպի:

«Այս միջոցառման հիմքում ընկած գաղափարն այն էր, որ մենք ցանկանում էինք աշխարհահռչակ շվեյցարացի այդ արվեստագետին նաև ցույց տալ Հայաստանը, քանի որ առաջին անգամ էր նա լինում Հայաստանում: Ընդհանրապես, մեր մշակութային միջոցառումներին մենք հիմնականում հենց այդ սկզբունքով ենք առաջնորդվում»,-ասաց նա:

«Արվեստ Հայաստան» հիմնադրամի տնօրեն Անուշ Զեյնալյանը հայտնեց, որ իրենց հիմնադրամը ստեղծվել է 2015 թվականին, և իրենց նպատակն է աջակցել Հայաստանում ժամանակակից արվեստի զարգացմանը: «Հենց սկզբից մենք տեսնում էինք,  թե ինչպես է ստեղծվում տրիենալեն, թե որքան աշխատանքներ են տարվում այն կազմակերպելու համար: Որպես հիմնադրամ մենք սկսել ենք մեր գործունեությունը՝ հայտարարելով բաց մրցույթ արվեստագետների համար, որը բաց էր ոչ միայն հայաստանցի, այլ նաև սփյուռքահայ արվեստագետների համար. ստացել ենք 55 հայտ, որից ընտրել ենք 6 նախագիծ. դրանք ցուցադրվում են տրիենալեի շրջանակներում»,-ասաց նա:

«Դեժա-վու ՍՏԱՆԴԱՐՏ» ցուցահանդեսի համադրող Ռուբեն Արևշատյանն ասաց, որ ցուցահանդեսը կանցկացվի Սևանում գրողների միության հանգստյան տանը: Ի դեպ՝ ցուցահանդեսին ներկայացված են լինելու Ջերարդ Բըրնի, Իգոր Գրուբիչի, Յոզեֆ Դաբերնիգի, Մարկուս Շերերի աշխատանքները:

Ռուբեն Արևշատյանը նշեց, որ ցուցահանդեսին անուն տվել են՝ ոգեշնչված նախևառաջ Ադելինա Ջուբերյան ֆոն Ֆյուրշթենբերգի առաջարկած գաղափարով, որն ուղիղ կերպով կապված է երազանքների հետ: Նա ասաց, որ Ջերարդ Բըրնի գործերն առաջին անգամ ներկայացվել են 2007 թվականին Իռլանդիայի ազգային տաղավարում: «Առաջին միտքը, որ եկավ, այն էր, թե երբ կտրվի հնարավորություն՝ ներկայացնելու նրա գործերը Հայաստանում և առաջին վայրը, որ եկավ աչքիս առաջ հենց Սևանի գրողների տունն է: Անցել է տասը տարի և տասը տարի հետո կարելի է ասել, որ այդ երազանքը իրականություն դարձավ»,- ասաց նա;

Նշենք, որ բրազիլահայ հայտնի լուսանկարիչ Գասպար Գասպարյանի ցուցահանդեսով է ժամանակակից արվեստի տրիենալեի առաջին փուլի մեկնարկը տրվել: Կրտսեր Գասպար Գասպարյանը պատմեց, որ իր պապն իր երկրից 1880 թվականին հեռացել է, որպեսզի գտնի բնակության նոր վայր: «Բրազիլիայում է ծնվել իմ հայրը և, ցավոք, նա երբևէ չի կարողացել գալ Հայաստան, նա արդեն մահացել է: Սակայն կարող ենք ասել, որ հիմա իր արվեստի միջոցով եկել է Հայաստան»,-ասաց նա և նշեց, որ սա իր հոր առաջին անհատական ցուցահանդեսն է Բրազիլիայից դուրս, իսկ Բրազիլիայում ունեցել է երեք անհատական ցուցահանդես:

«Կարծում եմ՝ շատ խորհրդանշական է, որ նրա առաջին անհատական ցուցադրությունը տեղի է ունենում հենց Հայաստանում, այսպիսով` նա վերադառնում է իր արմատներին»,-ասաց նա և շնորհակալություն հայտնեց նախաձեռնության կազմակերպիչներին:

Ի դեպ՝ բոլոր արվեստագետներն էլ նշեցին, որ ուրախ են գտնվել Հայաստանում և ցուցահանդեսի մասնակից դառնալ: «Ես շատ ոգևորված եմ, որ իմ աշխատանքով ներդրում ունեմ այս տրիենալեին, որն անցկացվում է Հայաստանում, ինչի համար շատ շնորհակալ եմ»-ասաց Ֆերիչե Վարինին:

Արվեստների հայկական խորհրդի նախագահ Վարդան Կարապետյանը ներկայացրեց, որ տրիենալեն կազմակերպվելու է երեք տարին մեկ, նոյեմբերին լինելու են նախաձեռնություններ՝  «Հայաստան արվեստ» հիմնադրամի կողմից կազմակերպված, իսկ դեկտեմբերին լույս է տեսնելու տրիենալեի ամբողջ պատկերագիրը: «Տրիենալեի փիլիսոփայությունն է փոփոխել ամեն անգամ ցուցադրությունների երթուղին»,- ասաց նա և նշեց, որ վայրերը չեն ընտրվում պատահականորեն, այլ դրանք միջոց են բացահայտելու Հայաստանում առկա տարբեր մշակութային շերտերը և ձևավորելու ժամանակակից մշակույթ: