Ստեղծելով յուրօրինակ երթուղիներ՝ յուրովի բացահայտել երկիրը. Վարդան Կարապետյանը ներկայացրեց «ՍՏԱՆԴԱՐՏ» ժամանակակից արվեստի տրիենալեի նպատակը
Արվեստների հայկական խորհրդի նախագահ Վարդան Կարապետյանը «ՍՏԱՆԴԱՐՏ» ժամանակակից արվեստի տրիենալեի երկրորդ փուլի մեկնարկին նվիրված մամուլի ասուլիսին անդրադարձավ տրիենալեի գաղափարին և նշեց, որ տրիենալեի ցուցադրության փիլիսոփայության ակունքում այն գաղափարն է, որ Հայաստանը բացահայտման կարիք ունի։
«Այդ բացահայտման համար շատ կարևոր է երկխոսություն սահմանել ժամանակակից երևույթների հետ: Դրա համար առաջին նպատակներից մեկն է՝ ստեղծելով յուրօրինակ երթուղիներ՝ յուրովի բացահայտել երկիրը»,-ասաց նա և կարևորեց այն, որ պետք է ժամանակակից արվեստը տանել մարզեր, հաղորդակից դարձնել այդ վայրերի հետ, համայնքների հետ, այդ վայրերում գործող արվեստագետների հետ:
Նա նշեց, որ տրիենալեն մեծ թիմի աշխատանք է և իրականում կարող է օգուտ բերել Հայաստանին ոչ միայն իմիջի տեսանկյունից, ժամանակակից մշակույթի հանրահռչակման տեսանկյունից, այլ նաև ժամանակակից մշակույթը մարզերում տարածելու, հաղորդակից դարձնելու տեսանկյունից:
Նա օրինակ բերեց, որ Սևանի գրողների հանգստյան տանը տասնամյակների ընթացքում ձևավորվել է մշակույթ, սակայն այսօր այն չունի անցյալի նույն համբավը, և հետաքրքիր էր այդ վայրի հետ երկխոսություն ձևավորել նույն արվեստագետների միջոցով:
Վարդան Կարապետյանը հայտնեց, որ առաջին փուլից հետո մարդկանց հետաքրքրությունը բավական մեծ է ցուցահանդեսների նկատմամբ, ինչը վկայում է զանազան այցելուների թե՛ քանակը, թե՛ թողած արձագանքները: Նա նաև նկատեց, որ ոչ միայն հայաստանցիների կողմից մեծ հետաքրքություն կա, այլ նաև Գյումրիում ականատես են եղել Վրաստանից եկած հյուրերի:
Նշենք, որ «ՍՏԱՆԴԱՐՏ» ժամանակակից արվեստի տրիենալեի երկրորդ փուլի մեկնարկը տրվում է այսօր:
Արվեստների հայկական խորհուրդը (ԱՀԽ)՝ ՀՀ Մշակույթի նախարարության, «Արվեստ` հանուն աշխարհի» կազմակերպության, Հայաստանում Շվեյցարիայի դեսպանատան, « Արվեստ Հայաստան», «Հասրաթյան», «Ինտելեկտուալ Ռենեսանս» հիմնադրամների և այլ մասնավոր գործընկերների և աջակիցների հետ հատուկ համագործակցությամբ, ներկայացնում է «ՍՏԱՆԴԱՐՏ» ժամանակակից արվեստի առաջին միջազգային տրիենալեն Հայաստանում, որի առաջին մասը մեկնարկել է 2017 թ. հուլիսին:
«Ստանդարտ» առաջին տրիենալեի գլխավոր համադրողը Ադելինա Ջուբերյան ֆոն Ֆյուրշթենբերգն է` Վենետիկի 2015 թ. բիենալեում «Ոսկե Առյուծ» մրցանակը շահած Հայկական տաղավարի համադրողը։ Գործընկեր համադրողն է Ռուբեն Արևշատյանը:
Ստանդարտ 2017-ի խորագիրն է «Անալոգ լեռը»՝ ոգեշնչված ֆրանսիացի սյուրռեալիստ գրող և բանաստեղծ Ռենե Դոմալի (1908-1944) համանուն «Անալոգ լեռը» անավարտ վեպից:
Առաջին անգամ Հայաստանում ցուցադրվեցին ժամանակակից արվեստի ոլորտում մեծ ճանաչում և հեղինակություն ունեցող Իլյա և էմիլիա Կաբակովների և բրազիլահայ հայտնի մոդեռնիստ լուսանկարիչ Գասպար Գասպարյանի աշխատանքները, որի արվեստը կարևորագույն տեղ է զբաղեցնում համաշխարհային լուսանկարչական արդի արվեստի պատմության մեջ:










