«Գահերի խաղը» ֆիլմից դերասանուհին փակել է Instagram-ի իր էջը Թուրքիայի քաղաքացիների համար
Ծագումով թուրք գերմանացի դերասանուհի Սիբել Քեքիլին, որը նկարահանվել է «Գահերի խաղը» հեռուստասերիալի 20 սերիաներում, փակել է Instagram-ում իր էջը Թուրքիայի բոլոր քաղաքացիների համար, գրում է ТАСС-ը:
Այդ քայլի պատճառ են դարձել օգտատերերի վիրավորանքները և սեռական բնույթի հայհոյանքները:
Սեպտեմբերի 13-ից Instagram-ում նրա էջին ծանոթանալ ցանկացողները, որոնք համացանց են մտնում Թուրքիայի տարածքից, ստանում են հասանելիության սահմանափակման մասին հաղորդագրություն: Մասնավորապես՝ հայտնվում է հաղորդագրություն, որ Քեքիլիի էջն անհասանելի է Թուրքիայում: Ինքը՝ դերասանուհին էջն արգելափակելուց առաջ գրել է, որ «եկել է կարճ ժամանակով ցտեսություն ասելու ժամանակը»՝ նկատի ունենալով Թուրքիայի տարածքում օգտատերերին հրաժեշտ տալը:
Քեքիլին պարբերաբար վիրավորական հաղորդագրություններ և սեռական բնույթի սպառնալիքներ էր ստանում Թուրքիայից Instagram-ի որոշ օգտատերերից:
«Ես այլևս չեմ հանդուրժի ձեր սպառնալիքները, սեռական ենթատեքստով զզվելի, անպարկեշտ հաղորդագրությունները: Դուք ատելությամբ եք լցված, ես ձեզ խղճում եմ: Հեռո՛ւ մնացեք և դո՛ւրս եկեք իմ էջի բաժանորդագրությունից»,- ավելի վաղ գրել է դերասանուհին սոցիալական ցանցերում:
Կինոոլորտում Քեքիլիի գրանցած հաջողությունից հետո ԶԼՄ-ները սկսել են ուսումնասիրել նրա անցյալը և պարզել, որ մինչ դերասանուհի աշխատելը, նա մի քանի մասնագիտություն է փոխել: Ամենից շատ ուշադրություն է գրավել նրա կյանքի այն ժամանակահատվածը, երբ նա նկարահանվել է գերմանական պոռնոգրաֆիկ ֆիլմերում:










