Սևանում տեղի ունեցավ «ՍՏԱՆԴԱՐՏ» ժամանակակից արվեստի առաջին տրիենալեի երկրորդ փուլը (լուսանկարներ)
«ՍՏԱՆԴԱՐՏ» ժամանակակից արվեստի առաջին տրիենալեի երկրորդ փուլի երկրորդ օրը շարունակվում է Սևանում՝ խորհրդային մոդեռնիզմի վառ օրինակներից մեկը համարվող Հայաստանի գրողների ստեղծագործական տանը։
«Դեժա-վու ՍՏԱՆԴԱՐՏ» ցուցահանդեսի մասնակից արվեստագետներին աշխարհի տարբեր ծայրերից միավորել է մեկ ընդհանուր գաղափար՝ վերակենդանացնել ու վերաիմաստավորել անցյալը:
Ներկայացված 3 արվեստագետները՝ Յոզեֆ Դաբերնիգը, Իգոր Գրուբիչը, Ջերարդ Բըրնը 3 տարբեր հայացք ու մեկ ընդհանուր մոտեցում ունեն: Տեսաժապավենների հեղինակները վստահ են՝ ճարտարապետությունն ու միջավայրը ունակ են փոխելու մարդկանց ու նրանց համոզմունքները:
Ցուցահանդեսները բաց կլինեն այցելուների համար մինչև դեկտեմբերի 31-ը:
Հիշեցնենք, որ առաջին հայկական տրիենալեն կոչվում է «ՍՏԱՆԴԱՐՏ» առաջին հայկական ավանգարդային հանդեսի պատվին, որը 1924-ին հրատարակել են Մոսկվայում բանաստեղծ Եղիշե Չարենցն ու ճարտարապետներ Կարո Հալաբյանը ու Միքայել Մազմանյանը: «Ստանդարտ 2017»-ը կրում է «Լեռան անալոգը» խորագիրը` ներշնչված ֆրանսիացի սյուրռեալիստ գրող ու պոետ Ռենե Դոմալի անավարտ վեպից:
«ՍՏԱՆԴԱՐՏ» ժամանակակից արվեստի առաջին տրիենալեն, որի երկրորդ փուլի մեկնարկը տրվել էր սեպտեմբերի 12-ին, կշարունակվի մինչև դեկտեմբերի 31-ը: Տրիենալեն կանցկացվի 3 տարին մեկ, հանրապետության տարբեր շրջաններում՝ բացահայտելով Հայաստանի մշակութային շերտերն ու ձևավորելով ժամանակակից մշակույթը:
























