Սիրո կախարդանքը՝ կորեացի նկարչուհու աշխատանքներում (նկարազարդումներ)

12:33 • 15.09.17

Մարդիկ տարբեր կերպ են ցույց տալիս իրենց սերը. ոմանք՝ բառերով, մյուսները՝ գործողություններով, իսկ ուրիշներն իրենց կապվածությունն արտահայտում են մեղմ համբույրներով և գրկախառնությամբ: Լինում են դեպքեր, երբ այս ամենը համադրվում է, և սա էլ համարվում է կատարյալ հարաբերությունների երաշխիքը:

Հարավային Կորեայում բնակվող նկարազարդող Չոն Հյոչոնն իր աշխատանքների միջոցով ցույց է տալիս սիրո կախարդանքը և մտերմիկ պահերը, որոնք ծանոթ և հարազատ են սիրահար զույգերին: Աղջիկը պատկերում է հարաբերությունների թե՛ առօրեական, թե՛ հատուկ պահերը՝ նախաճաշից մինչև կինոդիտումներ և ռոմանտիկ զբոսանքներ անձրևի տակ, և ցույց տալիս, որ նույնիսկ ամենասովորական գործողությունները հատուկ հմայք են ձեռք բերում սիրելի մարդու հետ:

Bored Panda-ն գրում է, որ 27-ամյա նկարչուհին արտահայտչականության հասնելու և հույզերն ուժեղացնելու համար «խաղում է» գույներով և երանգներով:

«Իմ ոգեշնչման աղբյուրները միշտ մարդկանց պատմություններն են, մեծ մասամբ՝ իմ և ընկերոջս պատմությունները: Նաև գաղափարներ եմ ստանում ընկերներիս հետ շփվելու ընթացքում», - ասել է նա: