Հայաստանը ծով չունի, բայց ունի նավ, որը նավարկել բոլոր օվկիանոսներով և մտել բոլոր հայկական օջախներ. ցուցադրվեց «Արմենիա» նավի մասին պատմող ֆիլմը
Շուրջերկրյա ճանապարհորդություն կատարած «Արմենիա» առագաստանավի և նրա անձնակազմի մասին պատմող ֆիլմն այսօր ցուցադրվեց Սլավոնական համալսարանում:
Ֆիլմի ռեժիսոր Վահե Գևորգյանցը պատմում է, որ չէր կարելի բոլոր օվկիանոսներում նավարկած և բոլոր հայկական գաղթօջախներում եղած հայկական նավի մասին ֆիլմ չպատրաստել:
«Սա, իմ կարծիքով, մեր հերոս ծովագնացների մասին պատմող ֆիլմ է, որոնք շուրջերկրյա ճանապարհորդություն են կատարել, երկու տարի ծովերում են եղել, անցել են շատ մեծ դժվարություններով և մեծ փառք են բերել Հայաստանին: Հայաստանը ծով չունի, բայց ունի մի նավ, որը կարողացել է նավարկել բոլոր օվկիանոսներով և մտնել բոլոր հայկական օջախներ»,- ասաց Վահե Գևորգյանցը:
«Արմենիա» նավի առագաստի փոխարեն ՀՀ եռագույնն էր, իսկ նավի կողքին պատկերված են եղել հայկական այբուբենն ու հայկական խաչը, և այս ամենով նավն անցել է ամբողջ աշխարհով:
Ֆիլմը կոչվում է «Արմենիա». ծովից ծով», որը նկարահանվել է Զորի Բալայանի համանուն գրքի հիման վրա: Ի դեպ՝ «Արմենիա» արշավախմբի ղեկավարը եղել է հենց Զորի Բալայանը. «Նրա գիրքը բավականին ծավալուն՝ 350 էջանոց մեծ գիրք է, բայց մենք փորձել ենք այնպես կրճատել, որ դա նորմալ դիտվի հանդիսատեսի կողմից»,- ընդգծեց նա:
Ֆիլմն սկսվում է «Կիլիկիա» նավի մասին պատմությամբ: Վերջինիս առաջին նմանատիպ գաղափարն էր և 2004-2006 թվականներին կատարել է միջնադարյան առևտրական ուղիներով եռափուլ ճամփորդություն: Իսկ ահա «Արմենիան» այդ գաղափարի շարունակությունն է, այս անգամ շուրջերկրյա ճանապարհորդության համար նախատեսված: Ֆիլմի ստեղծողների խոսքով՝ աշխարհում մինչ այժմ տեղի է ունեցել 5 շուրջերկրյա ճանապարհորդություն, որից մեկը եղել է հայ նավագնացների կողմից:
«Արմենիա». ծովից ծով» ֆիլմը նկարահանվել է երկու տարի՝ նավում գտնվող երկու օպերատորների կողմից: Բավականին երկար ժամանակ է ծախսվել նաև ֆիլմի մոնտաժման համար: Երկու տարվա ընթացքում նկարահանված 250 ժամ մատերիալ է եղել, բայց ֆիլմը կառուցվել է ընդամենը մեկ ժամ 8 րոպեի վրա:
Այսօր ֆիլմի պրեմիերան չէր, այն հանդիսատեսին է ներկայացվել մոտ մեկ տարի առաջ, իսկ Սլավոնական համալսարանում ցուցադրություն կազմակերպելու առիթը հետևյալն է. «Ֆիլմի ստեղծողները՝ ռեժիսորը, օպերատորները, ֆիլմին մասնակից մի քանի այլ մարդ աշխատում են այս համալսարանում, բոլորն այստեղ դասավանդում են, դրա համար ուզեցինք մեր ուսանողներին ցույց տալ, թե ինչ է մեր արածը, ինչով ենք զբաղվում: Այս ֆիլմը մենք համարեցինք, որ ամենալավն է, որովհետև հերոսական, պաթետիկ ֆիլմ է: Իմ կարծիքով՝ շատ մեծ գործ են արել»,- հայտնեց Վահե Գևորգյանցը:
Ֆիլմն այս մեկ տարվա ընթացքում արդեն հասցրել է ստանալ 2016 թ.Հայաստանի պետական մրցանակը, ինչպես նաև դրական արձագանք դիտողների կողմից:
Ֆիլմի ռեժիսորի խոսքով՝ «Արմենիա». ծովից ծով»-ը առաջիկայում կարող է հայտնվել նաև կինոթատրոններում: Աշխատանքներ են տարվում նաև ֆիլմը ձայնասկավառակների տեսքով վաճառելու ուղղությամբ:
«Մենք հիմա ուզում ենք ձայնասկավառակի վրա բաց թողնենք, որովհետև սփյուռքից շատ մարդիկ, ովքեր համացանցում տեսել են անոնսը, անընդհատ հարցնում են՝ որտեղից կարող ենք գնել»,- պատմում է Գևորգյանցը:
Ռեժիսորն այժմ աշխատում է մեկ այլ ծրագրի՝ ընտրությունների մասին պատմող մեծ ֆիլմի ուղղությամբ: Ֆիլմում ներկայացված են լինելու քաղաքական, անձնական և այլ ընտրությունների արդյունքում կամ հետևանքով տեղի ունեցող փոփոխությունները մարդու կյանքի վրա:























